
Նոր Զելանդիայում ահաբեկչության հետաքննությամբ կզբաղվի հատուկ թագավորական հանձնախումբը

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը մարտի 25-ին հայտարարել է Քրայսթչերչի մզկիթներում կատարված ահաբեկչության հետաքննության համար հատուկ թագավորական հանձնախմբի ստեղծման մասին։
«Կաբինետի կողմից ստեղծված հատուկ թագավորական հանձնախումբը պետք է պարզի, թե արդյոք ամեն ինչ էր արվել, որպեսզի կանխվի հարձակումը, եւ արդյոք ճիշտ են գործել հատուկ ծառայությունները»,- նշել է նա Վելինգտոնում կայացած շաբաթական մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է The New Zealand Herald թերթի կայքում:
Նրա խոսքով՝ հանձնախմբի հատուկ ուշադրության առարկա կդառնան, նախեւառաջ, հարձակմանը նախորդած իրադարձությունները, այդ թվում՝ ինչպես է ենթադրյալ հրաձիգը զենք ստացել, տեղի ունեցածում ինչ դեր են ունեցել սոցիալական ցանցերը եւ ինչ կարող էին ու պարտավոր էին անել անվտանգության ծառայությունները:
Ենթադրվում է, որ հանձնախմբի անվանական կազմը կհրապարակվի ավելի ուշ այն բանից հետո, երբ կառավարությունը հստակ կնշի այն հարցերի շրջանակը, որոնցով պետք է զբաղվի հետաքննությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: