
Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը. Հայ դատի հանձնախումբ

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«Սա պատմական օր է Ավստրալիայի հայկական համայնքի և ողջ հայկական սփյուռքի համար, քանի որ տիկին Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը: Նա ընդգծել է, որ Բերեջիկլյանը ղեկավարելու է G20-ի անդամ երկրների ամենամեծ նահանգը:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նաև շնորհավորել է ընտրությունների արդյունքում հաղթանակ տոնած այն գործիչներին, ովքեր համարվում են հայ համայնքի բարեկամը;
Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն արդեն շնորհավորել է ավստրալահայ գործչին և նրա թիմին ընտրությունների արդյունքում գրանցած «յուրահատուկ, կարգապահ և խիզախ հաղթանակի կապակցությամբ»: