«Ճկուն ողնաշար» ունեցող դատավորները միշտ կախված են տվյալ պահի իշխանություններից». Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, որ Քոչարյանին նախորդ տարվա օգոստոսին ազատ արձակած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն այդ որոշման համար ենթարկվել է ճնշումների, նշեց, որ մանրամասն չգիտի, թե դատավոր Ազարյանն ինչ ճնշումների է ենթարկվել, միայն գիտի այն, ինչ հրապարակային է։
Ըստ փաստաբանի՝ Քոչարյանին ազատ արձակելուց չորս օր անց ՀՀ վարչապետն իր հրապարակային ելույթի ժամանակ ուղղակի ատելության խոսք է ասել տվյալ դատավորի նկատմամբ։
«Համոզված եմ, որ այդ ատելության խոսքը որքան ուղղված էր դատավոր Ազարյանի դեմ, նույնչափ հանդիսանում էր մեսիջ Վճռաբեկ դատարանի դատավորներին, որոնք հետագայում պետք է քննեին դատախազի բողոքն Ազարյանի որոշման դեմ։ Այդ ամենը պարզապես չէր կարող չազդել Ազարյանի վրա»,- ասաց Հայկ Ալումյանը։
Ըստ փաստաբանի՝ ատելության խոսք ու ճնշում է եղել նաև համացանցում, և զարմանալի է, որ այդ ամենը տեսնելուց հետո իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել։
«Բարձրագույն դատական խորհուրդը ոչինչ չձեռնարկեց, ոչինչ չարեցին նաև գործադիր մարմնի ներկայացուցիչները, սա հստակ մեսիջ էր Վճռաբեկ դատարանի դատավորներին, այսինքն՝ նույն սպառնալիքները կլինեն նաև նրանց հանդեպ, եթե նրանք անեն նույնը, ինչ դատավոր Ազարյանը»,- ընդգծեց Հ. Ալումյանը։
Ինչ վերաբերում է նախորդ իշխանություններից կախում ունեցած դատավորներին, փաստաբանը նշեց, որ ոչ բոլոր դատավորներն են ենթարկվողի կարգավիճակում, դատավորներ կան, որոնք պատրաստ են ենթարկվել ամենաբարդ հետապնդումների, բայց իրենց սկզբունքներին հակասող որոշումներ չընդունել։
«Խոսենք այն դատավորների մասին, որոնք ունենա «ճկուն ողնաշար», որոնք հարմարվող են, նրանք կախում ունեն ոչ թե այն իշխանություններից, որոնք իրենց ժամանակին նշանակել են, այլ նրանցից, որոնք տվյալ պահին ունեն իշխանություն և կարող են փորփրել ինչ-որ դատավորի անցյալը և նրա նկատմամբ հարուցել քրեական գործ։ Այդ «ճկուն ողնաշար» ունեցողներն ամեն պահ պատրաստ են կատարելու տվյալ պահի իշխանության պատվերը։ Հարմարվող, պատվեր կատարող ու կոռումպացված դատավորներն իրականում նույնն են, և նրանք միշտ կախված են տվյալ պահի իշխանություններից»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան