Կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Ջեյմս Թուֆենկյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ նշելով, որ «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զարգացման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը տնտեսական հեղափոխություն իրականացնելու շրջանակում բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի շարունակական բարելավման, բիզնես նախաձեռնությունների խթանման, օրենսդրական կարգավորումների պարզեցման և մի շարք այլ ուղղություններով, որոնք կդյուրացնեն բիզնես գործունեությունը Հայաստանում և կխթանեն ներդրումների ներգրավումը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության առաջնահերթ խնդիրներից է երկրում նախաձեռնողականության խթանումը, քանի որ խնդիրների լուծման կարելի է հասնել միայն աշխատանքի միջոցով:
Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ Սփյուռքում ոգևորությամբ և հպարտությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, և սփյուռքահայերի շրջանում մեծ ցանկություն ու հետաքրքրություն կա՝ հայրենիք այցելելու, կատարվող գործընթացներին տեղում ծանոթանալու, երկրի զարգացման ծրագրերում ներգրավվելու և իրականացվող բարեփոխումներին աջակցելու առումով: Նա նշել է, որ իր փորձով կարող է ներկայացնել այն դրական փոփոխությունները, որոնց անձամբ է առնչվել, այն է՝ նոր մշակույթի ներդրում բիզնես գործունեության մեջ, գործարարությամբ զբաղվելու համար առկա կարգավորումների էական դյուրացում և այլն: Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ նշված բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն ներդրումների ներգրավման տեսանկյունից, և արդեն իսկ կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար:
Վարչապետը և Ջեյմս Թուֆենկյանը քննարկել են «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը և մասնավորապես, անդրադարձել Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կառուցվող հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագրին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հյուրանոցի կառուցումը՝ նշելով, որ դա իր հետևից շղթայական դրական էֆեկտներ կբերի ոչ միայն Արենիի, այլև շրջակա համայնքների համար՝ կբարելավի բիզնես միջավայրը Վայոց ձորում, կխթանի ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջությունը, կնպաստի տնտեսական ակտիվությանը, ենթակառուցվածքների բարելավմանը: Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ կառուցվող «Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում, և նախատեսվում է այն շահագործման հանձնել երկու տարուց: Նա ընդգծել է, որ պատրաստ է շարունակելու զարգացման ծրագրերի իրականացումը և՛ Հայաստանում, և՛ Արցախում և աջակցել կառավարությանը բարեփոխումները կյանքի կոչելու գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:
Գործարար Ջեյմս Թուֆենկյանը Հայաստանում և Արցախում ներդրումներն ու ծրագրերն իրականացնում է «Tufenkian Foundation» հիմնադրամի միջոցով: Հայաստանում հիմնադրամի ծրագրերն ուղղված են աղքատության հաղթահարմանը, կրթական հնարավորությունների ստեղծմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, սոցիալական արդարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն։ Հիմնադրամը լայնածավալ ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր է իրականացրել և իրականացնում նաև Արցախում: