Հայկ Մարությանը հորդորում է քաղաքացիներին տրանսպորտի ղեկին ծխող վարորդ տեսնելու դեպքում զանգահարել քաղաքապետարանի թեժ գծին
Երևանի քաղաքապետարանում գումարված հերթական նիստի ընթացքում ավագանու անդամները բարձրացրին տրանսպորտի ղեկին ծխող և երթևեկության ընթացքում հեռախոսով խոսող վարորդների հարցը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորեց քաղաքացիներին նման դեպքերում ահազանգել քաղաքապետարանի թեժ գծին` 1-05 անվճար հեռախոսահամարին: «Եթե լինի լուսանկար` ավելի լավ: Այն վարորդները, ովքեր խախտում են օրենքը, առնվազն տույժ-տուգանքի կենթարկվեն»,- հավելեց Մարությանը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հավելեց, որ վարորդների նկատմամբ մշտական հսկողություն է սահմանված: «Ես ընդունում եմ, որ կան բողոքներ, ստուգումները շարունակվում են: Կարգազանց վարորդներին ենթարկում ենք վարչական տույժերի»,-նշեց նա:
Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը կգումարվի ապրիլի 23-ին` ժամը 11:00-ին: