Բաժիններ՝

Պետական տուրքի դրույքաչափերի նման ձևով փոփոխությունը սխալ հետևանքներ կարող է ունենալ  գործարարների ու սպառողների համար

«ՀՀ-ում այն պետական տուրքերը, որոնք սահմանել են, դրանք նպատակային պարտադիր վճարներ են, որոնք վճարվում են պետության կողմից մատուցված կոնկրետ ծառայությունների համար: Այսինքն, պետական տուրքերը ինքնանպատակ չեն:

Ինչ վերաբերում է ֆիսկալ, որպես պետական եկամուտի տեսակ, վճարումների բարձրացումներին՝ ես դեմ եմ: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպիսի՞ ծառայությունների շրջանակ է ավելացել, և պետության կողմից մատուցված ինչպիսի՞ ծառայությունների տեսակներն ու դրանց աշխատանքների ծավալներն են ավելացել, որ, ասենք, գրավատների, փոխանակման կետերի համար տրամադրվող լիցենզիայի համար պետական տուրքերի չափը փոփոխվում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց բարձրացրեց հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հ/կ  ղեկավար Արմեն Եսոյանը:

Նրա խոսքով՝ տնտեսվարողների համար բեռ է ավելանում, որն իր նպատակին չի ծառայելու:

«Պետությունը հետապնդում է բյուջեի մուտքերի ավելացման նպատակ: Օրինակ՝ մարզերում նմանատիպ ծառայություն ստանալու համար որոշել են սահմանել ավելի նվազ չափ, քան Երևանում: Եթե նույն լիցենզիան ստանալու համար պետությունը պետք է կատարի նույն գործողությունները, ինչո՞ւ է մարզերում ավելի քիչ, Երևանում ավելի բարձր:

Այս համեմատությունը կայանում է նրանում, որ պետությունը տեսնում է, որ Երևանի տնտեսվարողը, հնարավոր է՝ ավելի շատ եկամուտներ ունի, և այդ եկամուտներից ավելի շատ մուտքեր կարող է ապահովել, որն ամրագրվում է պետական տուրքի դրույքաչափի ավելացման տեսքով: Սա ֆիսկալ նպատակ ունի, ու նման ձևով պետական տուրքի դրույքաչափի բարձրացում չպետք է լինի: Միգուցե պետության կողմից մատուցվող ծառայությունների ինքնարժեքը, դրանց համար կատարվող ծախսերը բարձրացել են, այդ պարագայում պետությունն օրենքի փոփոխություններում պետք է հիմնավորում ներկայացնի»,- նշեց Արմեն Եսոյանը:

Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հ/կ  ղեկավարը նկատում է՝ պետական տուրքի նմանատիպ բարձրացման պարագայում, տարադրամի փոխանակման կետերը, գրավատները, որոնք չեն կարողանալու վճարել, շուկայից դուրս են մնալու:

«Իսկ եթե պետությունն ունի խնդիր, որպեսզի փոքր տնտեսվարող սուբյեկտները չզբաղվեն նման գործունեությամբ, ապա պետք է դրա համար նախատեսված իրավակարգավորումների ուղղությամբ գնա և հիմնավորի, թե ինչո՞ւ չպետք է զբաղվեն այդ գործով: Անցած տարի բանկային գործունեության ոլորտում իրավակարգավորումները փոխվեցին և նվազագույն կապիտալի չափն ավելացվեց, և բազմաթիվ բանկեր միավորվեցին, որպեսզի համապատասխան կապիտալ ունենան, կամ իրենց կապիտալն ավելացրեցին: ԿԲ-ն հիմնավորել էր սա, ընդգծել էր, որ սա բանկային համակարգի գործունեությունը կայունացնելու համար է:

Հիմա պետք է տնտեսվարող սուբյեկտներին իրավիճակը ճիշտ ներկայացնեն, հնարավորություն տան կապիտալի ավելացման ուղղությամբ մտածել, տարիների ընթացքում գործունեությունը համապատասխանեցնեն այդ չափանիշերին, այլ ոչ թե ֆիսկալ նպատակներ հետապնդելով՝ փոքր տնտեսվարողներին բերեն ավելի վատ պայմանների, քան խոշոր տնտեսվարողներն են, օրինակ՝ բանկերը: Կարծում եմ՝ պետական տուրքի դրույքաչափերի նման ձևով փոփոխությունը սխալ հետևանքներ կարող է ունենալ գործարարների ու սպառողների համար»,- հավելեց Արմեն Եսոյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս