Նիկոլ Փաշինյանը՝ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի մասին

«Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ հակակոռուցիոն մարմին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ երկրներ կան, որոնք ունեն անգամ հակակոռուպցիոն դատարան:

Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ սահմանափակում չկա, պետք է լավ մտածված լուծումների գնալ, որպեսզի պետության մեջ պետություն չստեղծվի, այսինքն՝ պետական կառավարման համակարգի հավասարակշռումը չխախտվի.

«Եթե լինի պետություն պետության մեջ, մենք կկորցնենք հակակշիռների մեխանիզմը»:

Անդրադառնալով գործընթացների տեմպերին՝ Ն.Փաշինյանը համաձայնություն հայտնեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի խոսքի հետ՝ «արագը դանդաղն է՝ առանց ընդհատումների».

«Պետք է դանդաղ, մտածված քայլերով գնանք առաջ, որ հետ գնալու և նորից սկսելու կարիք չլինի: Տասնյակ բարեփոխումներ են տապալվել միայն այն պատճառով, որ շատ շտապել են ու ձախողել են»:

Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի վերաբերյալ վարչապետը նշեց, որ դրա ներդրումը ՀՀ միջազգային պարտավորություն է:

Նրա խոսքով՝ դրա հետ կապված որևէ հարց չի կարող լինել, դա նույնիսկ ՄԻԵԴ կողմից ընդունված է:

Ն.Փաշինյանի կարծիքով՝ սովորական մեխանիզմներով գնալու դեպքում գործընթացը տասնամյակներ կարող է տևել:

Իր քննադատների մասին վարչապետը նկատեց, որ նրանք մտածում են իրենց դաչաների, Հյուսիսային պողոտայում բնակարանների, հողերի մասին, թե ինչ են լինելու դրան. «Ի՞նչ են լինելու: Բռնագանձվելու են»:

Տեսանյութեր

Լրահոս