Կթանկանա՞ արդյոք ավտոգազը. Ապրիլի 1-ից մեկ կիլոգրամը կարժենա 306 դրամ

Փետրվարի 15-ին կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ ընդունվեց մի որոշում, որի համաձայն՝ փոփոխություններ են սպասվում ավտոգազալիցքավորման ճնշակայաններում մեքենաների գազալիցքավորման գործընթացում: Եթե նախկինում այս կայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման հաշվարկը կատարվում էր խորանարդ մետրերի միջոցով, ապա նոր որոշման համաձայն՝ 2019 թվականի ապրիլի 1-ից այդ հաշվարկը կատարվելու է կիլոգրամների միջոցով:

Այս փոփոխության բնականոն գործունեությունը ապահովելու համար կառավարությունը փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետության   hարկային օրենսգրքի 88-րդ հոդվածում, որի համաձայն, եթե նակինում սեղմված բնական գազի ակցիզային հարկը հաշվարկվում էր խորանարդ մետրի համար և 1000 խմ-ի համար կազմում էր 25.000 դրամ, ապա փոփոխության արդյունքում այն կսկսի հաշվարկվել կիլոգրամներով, և 1000 կգ-ի համար կկազմի 34000 դրամ:

Առաջին հարցը, որ այս փոփոխությունն առաջացրեց, իհարկե, վերաբերում է սեղմված գազի գնի թանկացմանը: Եթե առաջնորդվենք պարզ հաշվարկի մեթոդաբանությամբ, ապա պետք է փաստենք, որը գնի թանկացում, որպես այդպիսին, չպետք է լինի: Այսպես, օրինակ, եթե դուք լիցքավորում եք մեքենան 10 խմ,  ապա գինը կկազմի 10 x 220 դրամ=2200 դրամ: Այդ գինն իր մեջ ներառում է արժեք (ներառյալ՝ շահույթը)՝ 1583 դրամ, ակցիզային հարկ՝ 250 դրամ, ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) 366 դրամ:

Համաձայն մի շարք մասնագիտական վերլուծությունների, 1 խմ գազի քաշը նորմալ պայմաններում կազմում է 0.717 կգ: Այսպիսով, փոփոխությունից հետո, եթե հիմք ընդունենք, որ արժեքը (ներառյալ՝ շահույթը) կմնա անփոփոխ, ապա նույն չափով մեքենան լիցքավորելու համար կպահանջվի 7.1 կգ սեղմված գազ, իսկ դրա գինը կներառի 1583  դրամ արժեք, գումարած 243  դրամ ակցիզային հարկ և 365.4 դրամ ԱԱՀ, որը կկազմի 2192 դրամ, իսկ հետհաշվարկի արդյունքում կստանանք մի պատկեր, երբ ապրիլի 1-ից 1 կգ գազը կարժենա 306 դրամ: Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք լիցքավորման կայանները շարունակելու են աշխատել նույն ինքնարժեքով, և արդյո՞ք այս պատեհ առիթը չեն օգտագործելու իրենց առանց այն էլ գերշահույթն ավելացնելու համար։ Հարցը, թերևս, անպատասխան է, որն էլ ավելի մտահոգիչ է դառնում, երբ կարդում ենք նշյալ օրենսդրական փոփոխության հիմնավորումը:

Այսպես, համաձայն այդ փաստաթղթի, որոշման ընդունման նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման համար հիմք հանդիսացող չափման միավորի փոփոխությամբ տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքների պաշտպանությունն է և այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը:  Այս հիմնավորումը ոչ այլ ինչ է, քան կառավարության ակնհայտ խոստովանությունը, որ պետական ապարատն ի զորու չէ ապահովել այս ոլորտում արդար խաղի կանոններ, ավելին, հարկային վարչարարության մարմինները, Շուկայի վերահսկողության տեսչությունը, Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը չեն կարողանում իրականացնել այնպիսի վարչարարություն, որ լցակայանները սպառողներին չխաբեն: Եվ այս պարագայում բարձրացված հարցը, թե արդյո՞ք գինը չի թանկանա, դառնում է ոչ միայն էլ ավելի արդիական, այլև մտահոգության տեղիք է տալիս:

Այն, որ այս ոլորտը լիարժեք մրցակցային չէ, և որը պայմանավորված է նաև մի շարք օբյեկտիվ պայմաններով, դա, թերևս, նորություն չէ, և դա անգամ այս օրենսդրական փոփոխությամբ չի կարգավորվելու։ Բայց եթե կառավարությունը խոստովանում է, որ իր գործիքակազմով չի կարողանում պաշտպանել խաղի կանոնները, ապա դա արդեն լուրջ խնդիր է: Եվ եթե պետությունը չի կարողացել ապահովել, որ գազալցման կայանում ճիշտ չափեն գազի խորանարդ մետրը, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ այս փոփոխությունից հետո նույն պետական ապարատը կկարողանա ապահովել, որ սպառողներին չխաբեն նաև կիլոգրամների հաշվարկով.  ի՞նչ է, վարորդներն իրենց կշեռքներո՞վ պետք է կշռեն գազը։ Իհարկե, ոչ:

Բենզինն ու դիզելային վառելիքն էլ լիտրով են չափում, բայց դե,  բոլորը գիտեն, որ բենզալցակայանների հաշվիչները, մեղմ ասած, ճիշտ չեն հաշվում: Այնպես որ, խաբեությունը շարունակվելու է, և ընդհակառակը, այս փոփոխությունը օգտագործվելու է վաճառողների կողմից գինն ավելի թանկացնելու համար: Ճիշտ է, դա կքողարկեն մեկնաբանություններով, թե իբր հիմա ավելի շատ են լցնում, ժողովրդի ասած՝ «ավելի լավ են լցնում», կամ իբր վերը հաշված 306 դրամը կլորացնելու են 310 դրամ, սակայն, բացի էսթետիկ փոփոխությունից, բովանդակային որևէ բարելավում դժվար է սպասել:

Ասվածն էլ ավելի համուհոտով դարձնելու համար մնում է միայն ավելացնել սույն հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ շատ բան չի փոխվելու, 1000 դրամի լցնողն էլի 1000 դրամի է լցնելու, բայց ավելի շատ է քշելու: Այս հայտարարությունը լսելիս՝ ակամայից մի հին անեկդոտ հիշեցինք, երբ տղամարդը բենզինի թանկացումներից բողոքող ընկերոջն արձագանքում է, որ՝  գիտես, ինձ համար բենզինը չի թանկանում, որովհետև ես միշտ 1000 դրամի եմ լցնում:

Երևի ճշմարտություն կա այս անեկդոտի մեջ, որը մենք չենք հասկանում, կամ գուցե կառավարությունն ավելի լավ է հասկանում: Ինչևէ, դա  իրենց գործն է, իսկ մեզ մնում է սպասել և հուսալ, որ ապրիլի 1-ին՝ Հումորի և ժպիտի օրը,  սեղմված գազի լցակայանները 700 հազարից ավելի վարորդներին տխուր անակնկալներ չեն մատուցի:

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս