Կան որոշ խնդիրներ, որոնց առջև կանգնած է Հայաստանի իշխանությունը, բայց պահը ողբերգական չէ

«Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ որևէ նոր բան չկար, ուղղակի հերթական անգամ բացվել է Մադրիդյան սկզբունքների գործողությունների ալգորիթմը, բայց հայկական լսարանի համար երևի փոքր-ինչ անսպասելի էր, տհաճ: Մտահոգիչ էր այն, որ ուղղակիորեն ասվում էր, թե ձևաչափի փոփոխման վերաբերյալ միակողմանի որոշումները գրեթե բացառվում են: Այս առումով, իրոք, կան որոշ խնդիրներ, որոնց առջև կանգնած է Հայաստանի իշխանությունը, բայց պահը ողբերգական չէ, ինչպես շատերը կուզենան ներկայացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա կարծիքով, ըստ էության, Մինսկի խմբի համանախագահները թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին առաջարկում են  վերսկսել բանակցություններն այն կետից, որում ավարտվել էին:

«Բոլորիս հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը բազմիցս հայտարարել են, որ կան ձևաչափի հետ կապված հարցեր: Վերջին շրջանում կտրուկ և կոշտ հայտարարվել է, որ Հայաստանը բանակցային գործընթացում չի կարող ներկայացնել Արցախին, ընդամենը կարող է իր անունից խոսել: Դա նույնիսկ բանակցություն հայաստանյան կողմը խուսափում է բնորոշել: Վերջերս Իրանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպասվող հանդիպումը չունի օրակարգ, ընդամենը լինելու է ֆորմատի շուրջ բանակցություն: Ուղղակիորեն ակնարկում է, որ հայկական կողմը կրկին պնդելու է՝ բանակցություններին պետք է մասնակցեն Արցախի ներկայացուցիչները»,- հավելեց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը ՀՀ վարչապետը ներկայացնելու է իր մոտեցումը՝ ձևաչափի հետ կապված:

«Չեմ կարծում, որ գործը կհասնի Մադրիդյան սկզբունքների դրույթների ռեալ քննարկմանը: Այդ փաստաթուղթը, ինչպես ցույց տվեց նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմը, իրականում չաշխատող է: Այն քննարկվում է 12 տարի, եղել են  պատերազմներ՝ թեկուզ 4 կամ 5 օր: Եթե հանկարծ գործը հասնի այնտեղ, որ Արցախը ևս մասնակցի բանակցություններին, Ադրբեջանն իր հայտնի զենքը կարող է օգտագործել, այն է՝ բանակցություններին պետք է մասնակցի նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»:

Սակայն, քանի որ որևէ հեռանկար չի երևում բանակցային մասով, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ՀՀ  ղեկավարությունը սկսի հրապարակայնորեն երկիրը պատրաստել պատերազմի: Պետք է ցույց տալ, որ, եթե բանակցային գործընթացը որևէ հեռանկար չունի, երկիրը պատրաստվում է հնարավոր պատերազմի»,- նշեց քաղտեխնոլոգը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս