«Այն, ինչ մենք հիմա ունենք, սա միջանկյալ, նախնական տարբերակ է, սա հարկային օրենսգրքի փոփոխություն չի, այլ հրատապ խնդիրների լուծում է». Բաբկեն Թունյան
«Հարկային օրենսգիրքն ամենակարևոր գործիքն է, բայց պետք է տարանջատենք, թե այս փուլով ինչ է լուծվում: Այս փուլով լուծվում են հրատապ խնդիրները, օրինակ՝ 115 մլն դրամի շեմին վերադառնալը փոքր ու միջին բիզնեսի համար, մինչև 24 մլն շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի խնդիրը, քիչ թե շատ լուրջ փոփոխությունը համահարթ եկամտային հարկի տարբերակն է, որի հետ կապված՝ վարչապետն էլ իր խոսքում ասաց, որ մենք պետք է ունենանք գույքահարկի լրջագույն փոփոխություն, և այդ ամենն իրար հետ, նաև հետագայում ինչ որ կլինի, կարելի է ասել, որ տնտեսական հեղափոխության հիմքերը սրանով ստեղծվում են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին:
Ըստ նրա՝ գլոբալ փոփոխությունների համար ժամանակ է պետք, իսկ արագ ընդունված հարկային փոփոխությունները հետագայում լուրջ խնդիրներ են հարուցում. «Այն, ինչ մենք հիմա ունենք, սա միջանկյալ, նախնական տարբերակ է, սա Հարկային օրենսգրքի փոփոխություն չի, այլ հրատապ խնդիրների լուծում է: Գլոբալ փոփոխությունը, որ կհամապատասխանի հայտարարված տնտեսական նպատակներին, դա հետո կունենանք»:
Բ.Թունյանը նշեց, որ երկրորդ փոփոխություններից հետո Հարկային օրենսգիրքը երկար ժամանակ այլևս փոփոխության չի ենթարկվի: Նրա խոսքով՝ այդ օրենսգրքով կոնցեպտուալ նոր լուծումներ կլինեն, բայց փոքրի համար բարելավող դրույթները չեն վատթարանալու:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հարկային փոփոխություններն ուղղված են ուղղակի հարկային բեռը պակասեցնելուն և անուղղակի հարկերն ավելացնելուն, որն ունի իր տնտեսագիտական բացատրությունը. «Տարբեր ոլորտների շահութաբերությունը հավասարակշռելու խնդիր կա»: