«Իմ կինն ունի կյանքի իրավունք Լուի վան Գալի հետ». հոլանդացի մարզիչն ավարտեց կարիերան
Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը հայտարարեց, որ այլևս չի մարզի:
«Ես ավարտում եմ: Իմ կինը չի աշխատում արդեն 22 տարի, որպեսզի ուղեկցի ինձ: Խոստացել էի նրան, որ կավարտեմ մարզել 55 տարեկանում, բայց հիմա ես 65-ն անց եմ: Ես չեմ կարող հավերժ շարունակել: Իմ կինն ունի կյանքի իրավունք Լուի վան Գալի հետ: Կարող եմ ասել, որ նա ուղղակի երջանիկ է»,- վան Գալին է մեջբերում AS-ը:
Վան Գալի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա մարզել է նաև «ԱԶ»-ը, «Այաքսը», «Բարսելոնան» և «Բավարիան»: Վան Գալը հաղթել է 20 տիտղոս:
Հոլանդիայի հավաքականը վան Գալի գլխավորությամբ արժանացել է ԱԱ-2014-ի բրոնզե մեդալներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը