«Արդյունքում ավելի վատ ապրանք ենք ունենալու՝ ցածրորակ հումք, էժան, վնասակար ու վատ շաքարի փոխարինիչներ են օգտագործվելու». Բաբկեն Պիպոյանը՝ գազավորված ըմպելիքները հարկելու որոշման մասին
ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր նախագծով առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ակցիզային հարկով հարկել նաև 100 գրամ ըմպելիքի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող գազավորված ըմպելիքները:
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ ակցիզային հարկի բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներ սկսել են հարկել վնասակար սպառում ենթադրող՝ բարձր շաքարայնություն պարունակող ըմպելիքները: Քաղաքականության այս ուղղությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու անհրաժեշտությունը նույնպես հասունանում է՝ հաշվի առնելով նաև այն, որ սույն նախագծերի փաթեթով առաջարկվող շատ փոփոխություններ ենթադրում են հարկային եկամուտների կորուստ, և հետևաբար՝ նմանատիպ միջոցառումներով հնարավոր կլինի որոշակիորեն փոխհատուցել պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը:
Նախագիծը հարուցել է արտադրողների զայրույթը, ուստի նրանք այսօր՝ մարտի 11-ին, բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց:
Գազավորված ըմպելիքներ արտադրողները պնդում են՝ Հայաստանում մի օրում գազավորված ըմպելիքների օգտագործումը մեկ հոգու կողմից մեկ տոկոսից պակաս է կազմում: Ինչ վերաբերում է շաքարի վնասին, ապա, նրանց պնդմամբ, Միջազգային առողջապահական կազմակերպությունն առաջարկել է սահմանափակել շաքարի օգտագործումը տասը տոկոսի չափով, բայց չի ասել, թե սննդի ո՞ր տեսակի մեջ:
Ավելին՝ արտադրողների խոսքով՝ սա նպաստելու է գների թանկացմանը. բարձր կատեգորիայի ապրանքների դեպքում՝ 12-15, ցածրերի դեպքում՝ 30-40 տոկոսով: Կկրճատվեն նաև եկամուտները, աշխատատեղերը:
«Բացի հանքային ջրերից՝ բոլոր ըմպելիքներին որոշումը վերաբերում է, բայց սա անհավասարակշռված և խորը ուսումնասիրություն չանցած նախագիծ է, որը, ըստ էության, չի պատասխանում կարևոր հարցի՝ թե ինչի հաշվին ինչ ենք ունենալու: Իմ խորին համոզմամբ՝ այս ամենն իրականացվում է ոչ թե՝ առողջապահական, այլ՝ բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Որքան էլ ասենք ՝ գազավորված ըմպելիքները չեն խրախուսվում, պետք է հասկանանք, որ միշտ կարելի է ունենալ ավելի վատ, ցածր որակով ապրանք: Խնդիրն այն է, որ ոչ թե հիմա ամենալավն ենք խմում ու ասում ենք՝ դրանից լավը հնարավոր չէ, այլ այն, որ ինչքան էլ հորդորենք հնարավորինս քիչ օգտագործել գազավորված ըմպելիքներ կամ հրաժարվել դրանցից, կան մարդիկ, ովքեր օգտագործում են այն. պատահական չեն գազավորված ըմպելիքների սպառման ծավալները»,- հավելեց նա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահի խոսքով՝ ակցիզային հարկ ներդնելով՝ հատկապես էժան սեգմենտի ապրանքների հետ կապված ավելի լուրջ խնդիր ենք ունենալու:
«Շուկայում, միևնույն է, լինելու է էժան ապրանքի պահանջարկ, որը համապատասխան գնով առաջարկվելու է, և մենք ավելի վատ ապրանք ենք ունենալու՝ ցածրորակ հումք, էժան, վնասակար ու վատ շաքարի փոխարինիչներ են օգտագործելու, որի օգտագործումն էլ ավելի վտանգավոր ռիսկեր է պարունակում մարդու առողջության համար: Հենց այս դեպքում ունենալու ենք առողջական ռիսկ: Այստեղ է, որ ոչ մի ուսումնասիրություն չի արվել: Պետությունը պետք է ռազմավարություն ունենա, ամեն մեկն էլ պետք է զբաղվի իր գործով. չի կարող առողջապահության նախարարը լինել ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, ու՝ հակառակը»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Նրա կարծիքով՝ այս ոլորտում մի բան փոխելու համար կարող էին սկսել շաքար պարունակող գազավորված ըմպելիքներից, բայց ոչ շատ մեծ քայլով, որպեսզի գնաճը մեծ տոկոս չկազմեր:
«Տեսեք, երբ դասակարգում չենք մտցնում, ակցիզային հարկով հարկում ենք բոլոր արտադրանքները, ապա, 500 դրամանոց ապրանքը թանկանում է 50 դրամով, սա 10 տոկոս է, և սոցիալական այն խումբը, որը վճարում էր 500 դրամ, մեծ դժվարությամբ կվճարի 50 դրամ ավելի, բայց դժվարությունը չի կազմի այնքան, որքան կկազմի սոցիալապես անապահով խավի մոտ. նա 170 դրամանոց ապրանքի համար վճարելու է 50 դրամ ավել, նույնն է թե՝ 25 տոկոս ավելի:
«Ստացվում է՝ անվճարունակը 25 տոկոս ավելի է վճարելու, միջին վճարողունակություն ունեցողը՝ 10»,- ընդգծեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահը:
Բաբկեն Պիպոյանը նկատում է՝ ժամանակակից աշխարհն առողջապահական ծրագրեր իրականացնում է լոբբինգի շնորհիվ, ուստի մենք ևս պետք է այդտեղից սկսենք:
Անի Կարապետյան