«Լուսավոր Հայաստանն» աջակցում է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ-ն պետք է շարունակի պնդել Արցախը վերադարձնելու մասին իր դիրքորոշումը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բավականին մտահգիչ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը: Սակայն, ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Մարուքյանը, այն ոչ առաջին հայտարարությունն է, ոչ էլ վերջինն է լինելու:
«Մենք նախընտրական փուլում հայտարարել ենք, որ աջակցում ենք ՀՀ իշխանության բոլոր այն ջանքերը, որ փորձ է արվում ԼՂՀ ներկայացուցիչներն ներգրավել ու ետ վերադարձնել բանակցային սեղան, և շարունակում ենք աջակցել այդ մոտեցմանը»,- ասաց Է.Մարուքյանը:
Ըստ նրա՝ հայտարարության մեջ մտահոգիչ ձևակերպումներից ամենակարևոր այն է, որ «ԼՂ իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով», որը հակասում է հայկական կողմի նախկինում պահված այն սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեի միջոցով ինքնորոշվել են, և դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մարուքյանի խոսքով՝ հայկական կողմը միշտ է դա պնդել, որ դա տեղի ունեցած փաստ է, իսկ այս հայտարարությունը նշանակում է՝ հաշվի չառնել այդ հանրաքվեն, կամ պետք է ինչ-որ կերպ նշվի, որ այդ հանրաքվեն եղել է, բայց եթե խնդիր կա, որ փախստականները ևս պետք է մասնակցեն, պետք է նայել, թե այն ժամանակ ովքեր են մասնակցել: Ըստ նրա՝ այդ եղելությունը լիովին անտեսելը մտահոգիչ է և անընդունելի:
Ամեն դեպքում, Է.Մարուքյանի խոսքով, առաջին հանդիպումից առաջ պետք է լիներ հայտարարություն, որը սա է, և որով տարբեր ուղերձներ են հղում կողմերին: Պատգամավորը նշեց, որ քաղաքագիտական շրջանակներում տարբեր տեսակետներ կան, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ողջունել է այս հայտարարությունը զուտ այն հանգամանքի բերումով, որ ասվում է, որ ֆորմատի փոփոխության մասով միակողմանի որոշումները չեն ողջունվում. «Սպասելի էր, որ առաջին հանդիպումից առաջ պետք է ասեն՝ չեք կարող միակողմանի ասել, որ Արցախի ներկայացուցիչը պետք է գա ու մասնակցի, բայց հայկական կողմը միշտ պնդել է դա ու պահել է այդ սկզբունքը:
Մտահոգիչ է նաև ԼՂ շրջապատող տարածքների հարցը, որի շուրջ խոսակցությունը նույնպես առաջին անգամ չի գնում, և այս առումով բանակցությունները սկսելուց առաջ ՄԽ համանախագահները փորձել են կողմերին հիշեցնել, թե ինչի շուրջ է մինչ հիմա բանակցվել: Այլ բան է, որ մեր մոտեցումները մենք պետք է պահենք: Մենք գտնում ենք, որ իշխանությունները՝ վարչապետը, ԱԳ նախարարը, բանակցությունների ընթացքում պետք է շարունակեն պնդել: Այսինքն՝ այս հայտարարությունը չի նշանակում, որ մենք պետք է ասենք՝ դե լավ, եթե չեղավ, էլ չպետք է ասենք, դե որ չեք ուզում, լավ, էլ չխոսենք»:
Է.Մարուքյանը փակուղային իրավիճակ չի տեսնում. «ՀՀ-ն բանակցելու է ՀՀ անունից, և ՀՀ-ն տվյալ պարագայում Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Մենք Հայաստանի անունից ենք բանակցելու, և սա նշանակում է, որ բանակցությունները կարող են շարունակվել, բայց, մեծ հաշվով, դրանք պտուղ չեն տա: Ինչո՞ւ: Որովհետև պտուղ կարող էին տալ, եթե կլինեին այնպիսի բանակցություններ, որտեղ կլինեին բոլոր կողմերը: Եթե ՄԽ-ն ցանկանում է բանակցություններ, որ պտուղ չեն տալու, միգուցե դա էլ է տարբերակ»:
«Ոչ դիվանագիտական տերմիններով ասած՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա, նաև պարզ է, որ Ադրբեջանում էլ Արցախը ճանաչող չկա: Հետևաբար՝ այս առումով պետք է շարունակել խոսել, բանակցել: Միշտ ենք ասել, որ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը: Համանախագահները որոշել են, որ սահմանին նախկինի համեմատ հանդարտ է, սա պետք է պահել, և ես կարծում եմ, որ ցանկացած բանակցություն կարող է արդյունք տալ տևական խաղաղության պայմաններում: Ապրիլյան պատերազմը մեծ, թարմ վերք է բանակցություններն առաջ տանելու համար»,- ասաց Մարուքյանը:
Նա մատնանշեց ՄԽ հայտարարության մեկ այլ մտահոգիչ կետ. «Որևէ կերպ չի դատապարտվում այն հայատյացությունը և դրա քարոզչությունը և հռետորաբանությունը՝ մանկապարտեզից մինչև երևի ծերանոցներում էլ են քարոզում, որը հիմնական խոչընդոտներից է լինելու, նաև կա՝ ցանկացած լուծման համար: Այսինքն՝ այստեղ տարբեր սկզբունքներ են ի հայտ գալիս, Արցախի քաղաքացիների անվտանգության հարցն է առաջ գալիս, մենք կանգնած ենք ցեղասպանության վտանգի առաջ: Եթե մարդիկ քնած մարդու գլուխ են կտրում, հետո հերոսացվում են, դա չի դատապարտվում, հետո ապրիլյան պատերազմին հարձակվում ու նորից զինվորների գլուխ են կտրում, նորից դա չի դատապարտվում, հետո նման հայտարարություն է արվում, ու էլի չի դատապարտվում, ինչի՞ մասին է խոսակցությունը: Համանախագահներին պետք է սա հիշեցնել, որ պետք է լինել օբյեկտիվ, և սա նկատել: Այսինքն՝ իրենք նկատում են, թե Հայաստանը փորձում է ֆորմատը փոխել, շատ ապրեք, որ նկատեցիք, բայց նաև շատ այլ հանգամանքներ կան, որ ևս պետք է նկատել»:
Է.Մարուքյանը կարծում է, որ շատ բան պետք չէ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից: Նա ակնկալում է միայն, որ չլինի սրացում և լինի բանակցությունների շարունակություն:
«Ամեն դեպքում հանդիպումը նախապատրաստվում է, և կտեղեկացվենք, թե ինչ խոսեցին, ժողովրդի թիկունքում չի կարող որևէ խոսակցություն գնալ: Խումբը միջնորդ խումբ է, այն չի կարող ինքը ցանկանալ, այլ ըստ էության փոխանցում է Ադրբեջանի ռեակցիան: Խումբն իր մեջ որոշակի շահեր է պարունակում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների շահերը, բայց եթե Ադրբեջանը համաձայնի Արցախի վերադարձը բանակցային սեղան, ՄԽ կողջունի, և խոսակցությունը կշարունակվի այդ ֆորմատով»,- հավելեց Մարուքյանը: