
Պոլսո պատրիարքարանը մանրամասներ է հայտնում պատրիարք Մութաֆյանի հոգեհանգստի արարողության վերաբերյալ

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Թուրքիայից ակնկալվում է տարբեր պաշտոնյաների մասնակցություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտնեց, որ հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով սպասում են հյուրերի՝ ինչպես երկրի ներսից, այնպես էլ արտերկրից:
Սրբազան հայրն ընդգծեց, որ կազմակերպման աշխատանքների վերաբերյալ հստակ որոշում կկայացվի մարտի 9-ի երեկոյան կրոնական ժողովի ժամանակ:
«Կարծում եմ՝ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17-ին՝ մայր եկեղեցում: Նախքան հուղարկավորությունը երկու կամ երեք օր ժողովուրդը հնարավորություն կունենա իր հարգանքի տուրքը մատուցելու պատրիարքին: Կիրակի օրը կփակենք բոլոր եկեղեցիները, ամբողջ հոգևորական դասը և ժողովուրդը կհավաքվեն Պոլսո աթոռանիստ մայր եկեղեցում»,- նշեց Մաշալյանը:
«Ներկա կլինեն նաև բարձրաստիճան եկեղեցականներ: Առաջիկայում ավելի հստակ տեղեկություններ կունենանք, ամենաուշը չորեքշաբթի օրը»,- ասաց Սահակ Սրբազանը՝ նշելով, որ պետական պաշտոնյաների առումով ակնկալվում է մասնակցություն նախարարական մակարդակով:
Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում, մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ-ին: