Ամուլսարի խնդիրն առանձին տողով նշվում է Fitch-ի զեկույցում, իսկ կառավարությունից ձայն չկա

Fitch-ը, որը երկրների վարկանիշավորում իրականացնող հեղինակավոր կազմակերպություններից մեկն է, օրերս հրապարակել է Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցը:

Այս զեկույցում Fitch-ն ընդհանուր առմամբ նշում է, որ կառավարության ֆիսկալ և տնտեսական քաղաքականությունը համապատասխանում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) սահմանած ակնկալիքներին: Fitch-ը նշում է, որ 2018 թվականին տնտեսական աճը դանդաղել է, բայց տեսանելի է եղել: Կազմակերպության ակնկալիքով՝ տարվա կտրվածքով տնտեսական աճը կկազմի մոտ 5%՝ 2017-ին կանխատեսվող 7,5%-ի փոխարեն:

Զեկույցում, թեև մատնանշվում են որոշակի տնտեսական խնդիրներ ու բարդություններ, խիստ բացասական մակրոտնտեսական վերլուծություն չկա: Բայց կա մի կարևոր հանգամանք:

Fitch-ն առանձին տողով անդրադառնում է Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ Ամուլսարի շուրջ ստեղծված անորոշության նվազումը կնպաստի արտահանման աճին և օտարերկրյա ներդրումների դրական հեռանկարին:

Այս բավական մեղմ ձևակերպման հետևում մի քանի լրջագույն խնդիր կա:
Նախ՝ տեղի է ունեցել աննախադեպ բան: Fitch հեղինակավոր կազմակերպությունը, որը մեկն է վարկանիշային այն կազմակերպություններից, որի տված գնահատականն է որոշում երկրների տնտեսական վարկանիշը, ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների մեջ առանձին անդրադարձ է կատարում մեկ առանձին վերցված ծրագրի:

Ընդ որում, Fitch-ը սա անում է երկրորդ անգամ: Ամուլսարի մասին անդրադարձ կար նաև դեկտեմբերի զեկույցում, որտեղ նշվում էր, որ բողոքի ակցիաների պատճառով ծրագրի դադարումն անորոշություն է ստեղծում ոլորտում: Հիմա արդեն երկրորդ անդրադարձն է նույն բիզնես ծրագրին: Սա նշանակում է, որ Fitch-ը մեծ հաշվով ակնարկում է, որ առանց Ամուլսարի խնդրի լուծման՝ Հայաստանի ներդրումային հեռանկարները, մեղմ ասած, լավը չեն:
Ավելին, առանձին տողով նշելով Ամուլսարը՝ կազմակերպությունը, փաստորեն, ֆիքսում է, որ սա է կառավարության լրջագույն մեկ առանձին վերցված խնդիրը:

Երկրորդ խնդիրն այն է, որ Fitch-ի հաղորդագրություններին հետևում են բոլոր այն պոտենցիալ ներդրողները, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունները, որոնք որևէ կերպ նպատակ ունեն առնչվելու տվյալ երկրի հետ:

Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ դեռ կան պոտենցիալ ներդրողներ, որոնք չգիտեին, որ Հայաստանում արդեն 9 ամիս կանգ է առել խոշորագույն ներդրումային ծրագիրը, և «թավշյա հեղափոխությամբ» եկած նոր կառավարությունն այդ կապակցությամբ ոչինչ չի անում, հիմա արդեն խնդիրը ֆիքսվում է Fitch-ի զեկույցի մակարդակով: Պոտենցիալ ներդրողն առնվազն մի անգամ google կանի Ամուլսարը, ու կտեսնի, որ 400 միլիոն դոլարի ներդրում արած միջազգային ներդրողը ենթարկվել է պետության թողտվությամբ իրականացվող տևական ապօրինության, որը մինչ օրս չի հանգուցալուծվել:

Սա, թերևս, վարկանիշավորող կազմակերպությունների՝ Հայաստանի վերաբերյալ տված զեկույցներից ամենաանհանգստացնողն է, քանի որ առաջին անգամ է, որ կազմակերպությունը հետևողականորեն մատնանշում է մեկ առանձին վերցված ներդրման և անուղղակիորեն՝ դրա հետ կապված անորոշության հնարավոր հետևանքները երկրի համար: Ընդ որում, ուշադրություն դարձրեք ձևակերպմանը: Խոսքը ոչ միայն արտահանման, այլև օտարերկրյա ներդրումների հեռանկարի մասին է:

Այսինքն՝ Fitch-ն ասում է այն, ինչ երկար ժամանակ չտեսնելու է տալիս նոր կառավարությունը. որքան ուզում ես՝ եվրոպաներում ու դավոսներում Հայաստանի ներդումային գովազդ արա, «հեղափոխությունը»՝ որպես ապրանք, վաճառքի դիր… Վատագույն գովազդային պաստառն Ամուլսարի թնջուկի և կառավարության տևական անգործության տեսքով՝ կախված է Հայաստանի մուտքին: Իսկ հիմա այդ «գովազդն» արդեն կարմիր լույսով վառվում է Fitch-ի զեկույցներում, ու չկա գոնե մի քանի տասնյակ միլիոնի չափ գումարի տիրապետող ներդրող, որի աչքից այդ լույսը վրիպելու է:

Տեսանյութեր

Լրահոս