Բաժիններ՝

Զարուհի Բաթոյանն ազատվել է Մանե Թանդիլյանի կադրից. ո՞վ է տուն-ինտերնատի տնօրենի նոր պաշտոնակատարը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ազատվում է նախկին նախարար Մանե Թանդիլյանի կադրերից: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) Սմբատ Սիմոնյանի հետ նախարար Բաթոյանը հրաժարվել է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը՝ նրա հետ հանդիպմանը չհիմնավորելով իր դիրքորոշումը:

Մանե Թանդիլյանի նշանակած անձը համառորեն հանդիպում է փնտրել նախարարի հետ, հայտնել է մնալու իր մեծ ցանկություն մասին: Ավելին, մեկ օրում արագ կազմակերպած ստորագրահավաքով հեռացող ղեկավարի պահանջին են միացել նաև տուն-ինտերնատի շահառուներն ու թվով 250 աշխատակից:

Նախարարին տուն-ինտերնատից ուղարկված գրավոր պահանջն այդպես էլ անպատասխան է մնացել, իսկ հեռացող տնօրենին Բաթոյանը հասկացրել է, որ պայքարելու իմաստ չկա:

Հետաքրքրականն այն է, որ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի համար նախարարությունն արդեն երկար ժամանակ նախընտրում է պարբերաբար նշանակումներով հաստիքը թափուր պահել:

Վերջին տնօրենը դարձյալ ժ/պ-ի կարգավիճակում է, օրերս է նշանակվել:

Տուն-ինտերնատում ֆիքսել են նախարարության հատուկ վերաբերմունքը, պատճառները, ասում են, փնտրեք նորանշանակ ղեկավարի հետ նախարար Բաթոյանի ունեցած կապերի մեջ:

Իսկ այդ կապը, պարզվում է ՝ Նավակ ճոճող անվամբ սոցցանցում հայտնի ակտիվիստ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիլեն Գաբրիելյանն է. այս մասին հայտնում են 168.am-ի աղբյուրները:

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանը Վիլենի ընկերական միջավայրից է, և, ըստ ամենայնի, հենց նրա միջնորդությամբ է այս նշանակումը իրականացվել՝ հաշվի առնելով նախարար Բաթոյանի հետ Վիլեն Գաբրիելյանի կուսակցական և ընկերական ջերմ կապերը: Բայց այս նշանակումը ոմանց համար առանձնահատուկ է՝ այնքանով, որ Նոր Հայաստանում նախարարներն անկաշկանդ շարունակում են հին բարքերը և կուսակցական կապերի միջոցով համակարգում կամայական նշանակումներ են կատարում: Մյուս, ավելի ուշագրավ տեղեկատվությունը՝ այս նշանակման հիմքում կեղծ աշխատանքային գրքույկի մասին տեղեկություններն են, այս պնդումը մեզ հետ զրույցում արեցին մի քանի անձինք:

Ասում են՝ Կարեն Խաչատրյանն իր ստանձնած պաշտոնի համար չունի բավարար փորձ ու համապատասխան աշխատանքային կենսագրություն: Շատերի մոտ մասնավորապես կասկած է հարուցել նրա տնօրեն աշխատելու մասին ինֆորմացիան՝ զետեղված աշխատանքային գրքույկում: Մինչդեռ պաշտոնի անձնագրի պահանջներից բխող հիմնական պահանջը կառավարման ոլորտում 3 տարվա աշխատանքային փորձառությունն է:

168.am-ի հետ զրույցում Կարեն Խաչատրյանը հերքում է կառավարություն կեղծ գրքույկ հանձնելու մասին տեղեկատվությունը, իսկ իր նշանակման առնչությամբ նախարարի ու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, վստահեցնում է, կապեր չունի:

«Չկա էդպիսի բան, որ կենսագրությունս կեղծվել է՝ հանուն էս պաշտոնի, նման բան չի կարող լինել, իմ ներկայացրած հիմքերը բավարարել են պաշտոնի անձնագրի պահանջներին, պետական ոլորտում 1.7 տարվա փորձառություն ունեմ, իսկ կառավարման մասով՝ 2002-2007թթ. աշխատել եմ Վարդենիսի կարի ֆաբրիկայում, մինչ այդ նույն արտադրամասում անվտանգության ինժեներ եմ եղել, հետո՝ մեթոդիստ Վարդենիսի քաղաքապետարանում»,- մանրամասնում է Կարեն Խաչատրյանը:

Կարեն Խաչատրյանը մասնագիտությամբ պատմաբան է: Մրցակիցների նկատմամբ իր առավելությունը համարում է Վարդենիսի Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում մեկ ու կես տարվա աշխատանքային փորձառությունը:

Նա կպաշտոնավարի 6 ամիս ժամկետով, դրանից հետո, վստահ է, որ կամրագրի դիրքերը, եթե նախարարությունը որոշի, ի վերջո, մրցույթ հայտարարել տնօրենի թափուր պաշտոնի համար:

Ի դեպ, Վարդենիսի այս հատուկ խնամքի կենտրոնում դժգոհությունները շատ են. ասում են՝ տարին մի քանի ղեկավար են ընդունում-բաց թողնում: Այստեղ նշանակումներն այնքան պարբերաբար են արվում, որ ոչ մի ղեկավար չի հասցնում իր ղեկավարած կառույցում իրավիճակի տերը դառնալ: Նրանք նշանակվում են տնօրենի ժ/պ՝ 2 կամ 6 ամիս ժամկետով, և հեռանում են նախարարների կամքով:

Այս պարբերական նշանակումներից ներսում բողոքում են՝ հաճախ սթրեսի են ենթարկվում, առնվազն 450 հոգանոց աշխատակազմ ղեկավարող ոչ մեկին այդպես էլ չի հաջողվում նորմալ աշխատել կացարանում բնակվող 450 շահառուների հետ, ամեն եկած տնօրեն մինչև 6 ամիս է աշխատում, հազիվ հասցնում է գույքի հանձնում- ընդունում անել ու ծանոթանալ պաշտոնից բխող պարտականություններին:

Նախարարների քմահաճույքով այստեղ վերջին 4 տարում տնօրենի պաշտոնի համար այդպես էլ մրցույթ չի նշանակվում:

Վերջին պաշտոնավարածն էլ հեռացվել է աշխատանքից՝ ՀՀԿ-ական նախկին նախարար Արտեմ Ասատրյանի որոշմամբ, պատճառը նախարարության կողմից բացահայտված չարաշահումներն են եղել:

Հումորով պատմում են իրենց ամենաերկար պաշտոնավարած տնօրենի մասին: Ասում են՝ մի Կամո Արեյան էլ մենք ունենք, ամեն տնօրենի ազատումից հետո մի քանի ամսով էդ խեղճին տնօրենի ժ/պ են նշանակում, որ անտեր չմնանք, մինչև իրենց մարդուն կբերեն: Այդպես՝ 6 անգամ միջանկյալ հատվածներում իրավիճակ է փրկում նույն անձը, բայց այդպես էլ ժամանակավոր պաշտոնակատարից տնօրեն չի դառնում՝ զուտ ազգանվան հետ կապված խնդիրների պատճառով: Արմեն Ավագյանը, պարզվում է, ՀՀԿ-ամերձ մեկն է համարվում, իրականում նա ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախկին ղեկավար Կարեն Ավագյանի հորեղբորորդին է:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս