Ադրբեջանն իր հակահայկական քարոզչության համար հավաքագրել է տխրահռչակ կոնգրեսական Հեյսթինգսին

Ֆլորիդայից դեմոկրատ կոնգրեսական Էլսի Լ. Հեյսթինգսը ադրբեջանական քարոզչության ամենավերջին խոսափողն է։ Նա 2019 թ. փետրվարի 25-ին հանդես եկավ հայտարարությամբ, այն մտցրեց Կոնգրեսի արձանագրության մեջ՝ հայերին մեղադրելով Ադրբեջանի Խոջալու գյուղում 1992 թ. փետրվարի 26-ին, Արցախյան պատերազմի թեժ օրերին 613 ադրբեջանցի տղամարդկանց, կանանց և երեխաների սպանության մեջ։ Human Rights Watch-ի զեկույցում զոհված ադրբեջանցիների թիվը կազմում էր 161 մարդ։ Այնուամենայնիվ, ցավալի է նույնիսկ մեկ մարդու կորուստը՝ լինի ադրբեջանցի, թե հայ։ Ադրբեջանական կոնգրեսական խմբի անդամ Հեյսթինգսը կասկածելի սպանություններն անվանել է «Խոջալուի կոտորած»։

Այս սպանությունները վիճարկվում են հայերի և ադրբեջանցիների կողմից, որոնք միմյանց մեղադրում են կորուստների համար։ Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունն այս սպանությունները դարձրել է «հանրահայտ գործ», տարբեր երկրներում կազմակերպելով միջոցառումներ և հայերին մեղադրելով ոչ միայն կոտորած, այլև ցեղասպանություն իրականացնելու մեջ… Այս քարոզչական միջոցառումները ֆինանսավորվում են հայտնի «խավիարային դիվանագիտության» միջոցով, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ամբողջ աշխարհում կաշառք է տալիս պետական պաշտոնյաներին՝ Ադրբեջանին քննադատող որոշումները խոչընդոտելու կամ իր օգտին բանաձևեր ընդունելու համար։

Հեգնական է, որ Ադրբեջանը 613 ադրբեջանցիների կասկածելի սպանությունները նկարագրում է որպես ցեղասպանություն, մինչդեռ անամոթաբար ժխտում է 1.5 միլիոն հայերի իրական ցեղասպանությունը 1915-1923 թվականներին:

1997 թ. մարտի 3-ին ՀՀ արտգործնախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի անդամներին շրջանառության մեջ դրեց մի հայտարարություն` մերժելով «Խոջալուի իրադարձության մասին» 1997 թ. փետրվարի 22-ին Ադրբեջանի տարածած հայտարարությունը: Հայաստանը մեջբերեց Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը, որը հայտարարել էր, թե Ադրբեջանի Ազգային ճակատը «ակտիվորեն խոչընդոտել և փաստացի կանխել է տեղի [ադրբեջանցի] բնակչության հեռացումը լեռնային անցուղիներով, որոնք Ղարաբաղի հայերը հատուկ թողել էին քաղաքացիական բնակչության դուրս բերումը հեշտացնելու նպատակով»։ Մութալիբովն այդ հայտարարությունն արել էր «Խոջալուի դեպքերից» մի քանի օր անց, չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում, որը հրապարակվել էր 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում։

Նման քարոզչական միջոցառումների կազմակերպմամբ Ադրբեջանի պաշտոնյաները շատ հարմար միջոց են գտել հակազդելու ադրբեջանական Սումգայիթ (1988 թ. փետրվարի 27-29-ը), Գյանջա (1988 թ. նոյեմբեր) և Բաքու (1990 թ. հունվար) քաղաքներում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններին, ինչպես նաև Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը։

Ադրբեջանը չէր կարող գտնել ԱՄՆ Կոնգրեսի ավելի խայտառակ անդամի, քան Հեյսթինգսն է՝ Հայաստանի դեմ իր քարոզչական պատերազմն իրականացնելու համար։ Կոնգրեսի անդամ դառնալուց առաջ Հեյսթինգսը աշխատել է  որպես Միացյալ Նահանգների օկրուգային կամ դաշնային դատավոր 1979-ից մինչև 1989 թվականը, որի ընթացքում նա հեռացվել պաշտոնից։

Համաձայն Վիքիպեդիայի՝ «1981 թ. [դատավոր] Հեյսթինգսին մեղադրանք առաջադրվեց 150 հազար դոլար կաշառք ստանալու համար՝ Ֆրենկ և Թոմաս Ռոմանոների կողմից  21 շորթումների համար փոխհատուցվող գույքի վերադարձի և մեղմ դատավճռի դիմաց և այդ գործի վերաբերյալ իր կեղծ ցուցմունքների համար։ 1983 թ. նա արդարացվեց երդվյալ ատենակալների կողմից, երբ ենթադրյալ հանցակից Ուիլյամ Բորդերսը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում, որի հետևանքով Բորդերսը բանտարկվեց»։

«1988 թ. դեմոկրատների կողմից վերահսկվող Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը զբաղվեց այս գործով, և Հեյսթինգսը պաշտոնազրկվեց կաշառակերության և սուտ վկայության համար՝ ձայների 413-3 հարաբերակցությամբ քվեարկությամբ։ Նա այնուհետև 1989 թ. սեպտեմբերի 20-ին դատապարտվեց Միացյալ Նահանգների Սենատի կողմից՝  դառնալով ԱՄՆ պատմության մեջ Սենատի կողմից պաշտոնանկ արված վեցերորդ դաշնային դատավորը։ Սենատը, երկու ժամ տևած քվերակությամբ, կողմ քվեարկեց իմփիչմենթի 17 հոդվածներից 11-ին։  Այն դատապարտեց Հասթինգսին 11 հոդվածներից  ութում։ Առաջին հոդվածի վերաբերյալ քվեարկությունն այսպիսին էր՝ 69 կողմ, 26 դեմ…»։

Կոնգրեսական Հեյսթինգսը երկրորդ անգամ խայտառակվեց, երբ Հելսինկյան հանձնաժողովի աշխատակիցը, որի նախագահը անձամբ ինքն է, իրեն մեղադրեց անվայել սեռական վարք դրսևորելու համար… 2017 թ. դեկտեմբերի 8-ին Roll Call թերթը հայտնեց, որ ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը գաղտնի կերպով 220 հազար դոլար գումար է վճարել այդ աշխատակցին՝ սեռական ոտնձգության ենթադրյալ գործն ընդդեմ Հեյսթինգսի կարգավորելու համար։

Կոնգրեսական հանձնախմբի անդամ Ուինսոմ Փարքերը գրավոր բացատրագրում հայտնել է, որ կոնգրեսական Հեյսթինգսը դիպչել է իրեն, կատարել անցանկալի սեռական բնույթի գործողություններ և սպառնացել, որ կհեռացնի աշխատանքից։ Իր դատական հայցում Փարքերը նշել է, որ «Հեյսթինգսը բազմիցս խնդրել է մնալ նրա բնակարանում կամ այցելել հյուրանոցի նրա սենյակը։ Փարքերը նաև ասել է, որ նա հաճախակի գրկել է իրեն, իսկ մի անգամ հարցրել, թե ինչպիսի ներքնազգեստ է կրում», գրել է Roll Call թերթը։ Հեյստինգսը հերքել է մեղադրանքը։

Վերջապես, երևում է, որ Հեյսթինգսը լայն կապեր է հաստատել BGR Group ամերիկյան ընկերության հետ, որն ամսական 50 հազար դոլար է վճարվում՝ Վաշինգտոնում Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար։

Համաձայն դաշնային «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (FARA) օրենքների՝ յուրաքանչյուր լոբբիստական կազմակերպություն պետք է գրանցվի ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտում՝ բացահայտելով օտարերկրյա կառույցի հետ կնքած պայմանագիրը։ Ավելի կարևոր է, որ լոբբիստական ընկերության աշխատակիցները պարտավոր են Արդարադատության դեպարտամենտին ներկայացնել ցանկացած կապի մասին, որ նրանք ունեցել են կողմնակի անձանց հետ իրենց հաճախորդի անունից, լինի դա էլեկտրոնային փոստով, հեռախոսազանգերով կամ անձնական հանդիպումների միջոցով:

Օրինակ, վեց ամսվա ընթացքում, 2017 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թ. մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում BGR-ը հայտնել է Կոնգրեսի գրասենյակների հետ հարյուրավոր շփումների մասին։ Ամեն անգամ որպես շփման առարկա նշվել է՝ «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններ»։ BGR-ը հմտորեն թաքցրել է կոնգրեսականի կամ սենատորի անունը՝ նշելով միայն իր աշխատակազմի անդամի անունը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) երկարատև հետաքննություն է իրականացրել՝ պարզելու Կոնգրեսի այն անդամների անունները, որոնց հետ աշխատել են այդ աշխատակիցները։ ANCA-ի հետաքննությամբ բացահայտվել է, որ 2017 թ. նոյեմբերի 17-ին, 2018 թ. փետրվարի 27-ին, մարտի 5-ին և 12-ին, ապրիլի 30-ին, մայիսի 22-ին, 23-ին և 30-ին BGR-ի լոբբիստները էլեկտրոնային նամակ են ուղարկել Կոնգրեսական Հեյսթինգսի աշխատակից Թոմ Քարնսին։ BGR-ն նաև հանդիպում է ունեցել Թոմ Քարնսի հետ 2018 թ. մայիսի 30-ին։ Բացի այդ, 2018 թ. մայիսի 22-ին, BGR-ի լոբբիստները էլեկտրոնային նամակ են ուղարկել Հեյսթինգսի գրասենյակի աշխատակից Սյուզաննա Ջեքսոնին։

Բացի այդ, 2017 թ. նոյեմբերի 2-ին, Ռոբ Մանգասը, Թիմ Հաչքինսոնը, Կ. Լորի Մաքքերյը, Կիլորան Լոնգը և Ալբերտ Վինը, Թուրքիայի համար գործող լոբբիստական Greenberg Traurig ընկերության անունից Հեյսթինգսի գրասենյակի աշխատակից Լեյլ Մորիսոնի հետ քննարկումներ են անցկացրել ամերիկա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Վերջապես, 2017 թ. հոկտեմբերի 27-ին Լիդիա Բորլանդը մեկ այլ՝ Թուրքիայի համար լոբբիստական գործունեություն ծավալող LB International Solutions ընկերության անունից, հանդիպում է ունեցել Հեյսթինգսի գրասենյակի աշխատակից Լեյլ Մորիսոնի հետ՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։

Զարմանալի չէ, որ կոնգրեսական Հեյսթինգսը վերջին տարիներին D և D Plus ցածր նիշ է  ստացել՝ ANCA-ի կողմից Կոնգրեսում տարբեր հայկական հարցերին չաջակցելու համար:

Ադրբեջանը փորձել է քողարկել հայերի դեմ իր կատարած հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումներն իր իրավազուրկ քաղաքացիների դեմ՝ կաշառելով աշխարհի տարբեր պաշտոնյաների և մեղադրելով ուրիշներին իր սեփական հանցանքների համար…

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս