Բաժիններ՝

Հակոբ Արշակյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ Ֆրանսիայի կառավարության և գործարար շրջանակների հետաքրքրվածությունը։ Հաշվի առնելով Հայաստանում հեղափոխության հաղթանակը՝ նշել է, որ հատկապես հեռահաղորդակցության և տրանսպորտի ոլորտներում գործակցության նոր էջ բացելու հնարավորությունների մեծ առաջընթաց են տեսնում:

Հակոբ Արշակյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժը: Նա անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ֆրանսիական ընկերությունների կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին, մասնավորապես, Ինժեներական քաղաք այցելությունից հետո «Թալես» ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական մասնաճյուղ ունենալու` ընկերության ղեկավարության ցանկությանը։

Նախարարը կարևորել է ինժեներական այլ խոշոր ընկերությունների կողմից ևս Հայաստանում գիտահետազոտական նման մասնաճյուղեր հիմնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ նոր գրանցվող ընկերությունների համար պետության կողմից սահմանվում են արտոնություններ:

Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի կողմից Հայաստանին սուպերհամարկարգիչներ նվիրաբերելը, որոնք պլանավորվում է տեղադրել Ինժեներական քաղաքում։

Հակոբ Արշակյանը Ժոնաթան Լաքոտին տեղեկացրել է նաև, որ «VivaTech 2019» ցուցահանդեսում Հայաստանը կունենա իր մեծ տաղավարը։ Նա նշել է, որ նախարարությունն աջակցում է այդ տաղավարի կազմակերպիչներին և կոչ է անում, որպեսզի Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունները մասնակցություն ունենան ցուցահանդեսին։

Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT):

Նախարարը լիահույս է, որ ֆրանսիական ընկերությունները բարձր մակարդակով մասնակցություն կունենան դրանում։

Դեսպանը նշել է, որ ֆրանսիական «Sofrecom» հեռահաղորդակցական ընկերությունը, որը «Orange» ընկերության դուստր ձեռնարկությունն է, ցանկություն ունի գործունեություն ծավալելու Հայաստանում: Ժոնաթան Լաքոտը տեղեկացրել է, որ ընկերությունը նաև պատրաստակամ է մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործառույթներ իրականացնել:

Նախարարը նշել է, որ պատրաստակամ է հանդիպել և քննարկել երկկողմ գործակցության հեռանկարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս