Թուրքիայում արտադրված «Anka-2» անօդաչու թռչող սարքը պատրաստվում է 1-ին թռիչքին
Թուրքիայում հաջողությամբ փորձարկվել է նոր բեռնատար անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ)՝ «ANKA-2»-ի շարժիչը։ Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության («TUSAŞ») նախագծած «ANKA-2»-ի առաջին թռիչքը կիրականացվի 2019 թվականի ընթացքում։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ավելի վաղ «TUSAŞ»-ը Թուրքիայի անվտանգության ուժերի զինանոցը համալրել էր «Anka-Blok -B» ԱԹՍ-ով, որն ընդունակ է թռչել մինչև 30․000 ֆուտ բարձրության վրա, տեղափոխել շուրջ 200կգ բեռ, իսկ թռիչքի առավելագույն տևողությունը 24 ժամ է։ Այնուհետև, զարգացնելով այդ մոդելի հնարավորությունները, ստեղծվեց արբանյակային կառավարմամբ «Anka-S» անօդաչուն։
«TUSAŞ»-ի վերջին նախագիծը՝ «Anka-2» հետախուզական և հարձակողական ԱԹՍ-ն, կկարողանա թռչել մինչև 25․000 ֆուտ բարձրությունում, օդում մնալ 24 ժամ և տեղափոխել մինչև 700կգ բեռ։ Այս ԱԹՍ-ի համար «TUSAŞ»-ը նախագծել է հատուկ շարժիչ՝ «PD170» տուրբո դիզելային ավիացիոն շարժիչ։ Տեղական արտադրության այս նոր շարժիչը փորձնականորեն ինտեգրվել է «Anka» անօդաչուին և իր առաջին հաջող թռիչքն իրականացրել 2018թ․ դեկտեմբերին։
Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության տնօրեն Թեմել Քոթիլի խոսքով՝ ընկերությունն առաջիկայում պատրաստվում է «Anka»-ի հիմնական մոդելի հիման վրա նոր և ավելի կատարելագործված մոդելներ ու կատարելագործված նախագծեր: