Մոսկվայում վաղը կմեկնարկի «Լազարյան ակումբի» երկրորդ համաժողովը
ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հիմնադրած «Լազարևյան ակումբի» երկրորդ լիագումար նիստը կմեկնարկի վաղը Մոսկվայում:
Ակումբի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ «Էկոնոմիկա, ներդրում, ինտեգրացիա. Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները» խորագիրը կրող երկօրյա համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության ղեկավար Արամ Անանյանը, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը, ՌԴ Պետդումայի անդամ Օլեգ Լավրովը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ֆրանց Կլինցևիչը և այլ հայ և ռուս գործիչներ:
«Լազարյան ակումբի» երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա են հրավիրվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարներն ու մշտական համաժողովների նախագահները, ռուս խորհրդարանականներ, գիտնականներ և բիզնեսմեններ:
Ակումբի երկրորդ համաժողովի առաջին օրվա օրակարգում ներառված են երկկողմ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող թեմաներ, զեկույցների պատրաստման աշխատանքներին ներգրավված են առաջատար տնտեսագետներ, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի գործարար մարդիկ, պատկան նախարարությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, առաջատար ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բիզնեսով են զբաղվում Հայաստանում:
Մարտի 6-ին կայանալիք նիստի ընթացքում ակումբի անդամները քննարկելու են հայ-ռուսական համագործակցության աշխարհաքաղաքական ասպեկտները:
Հիշեցնենք, որ «Լազարևյան ակումբի» բացումն ու առաջին նիստը կայացավ Երևանում նոյեմբերի 30-ին: ՀՀ իշխանությունները, թեև հրավիրված էին նիստին, չմասնակցեցին: Ըստ Զատուլինի, հրավիրված էին ՀՀ նախկին բոլոր ղեկավարները և ներկայիս իշխանությունները: Նշենք, որ առաջին համաժողովին մասնակցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հանդես եկավ նաև ելույթով: