Հիմա ո՞ւմ պետք է հավատալ` Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ միջազգային կառույցներին
Չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարած թռիչքային աճին ու հեղափոխական զարգացմանը` միջազգային ֆինանսական կազմակերպություններն առաջիկա տարիներին Հայաստանում ոչ մի տնտեսական հրաշք էլ չեն ակնկալում։
Նրանց կանխատեսումներով՝ միջինժամկետ հատվածում մեր երկրի տնտեսությունը կգտնվի չափավոր աճի տիրույթում, և՝ ոչ ավելին։ Խոսքն ընդամենը 4,3-5 տոկոսի մասին է, ինչն անգամ մեծագույն ցանկության դեպքում դժվար է հեղափոխական համարել։
Նման աճի պայմաններում, անշուշտ, անիմաստ է լուրջ ակնկալիքներ ունենալ՝ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական ոլորտում։ Ու որքան էլ կառավարությունը խոսի ներառական տնտեսական աճ ապահովելու իր մտադրությունների մասին, 4-5 տոկոսն այն մակարդակը չէ, որը կարող է բերել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել շատ ավելի բարձր` տարեկան առնվազն 7-7,5 տոկոս տնտեսական աճ։ Մի բան, ինչի հեռանկարները միջազգային կառույցներն այսօր Հայաստանում չեն տեսնում։ Այդպիսին են՝ ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները։
Հիմա ո՞ւմ պետք է հավատալ՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ միջազգային հեղինակավոր կազմակերպություններին։
Իհարկե, հասարակության մի ստվար զանգված, չնայած խորացող հիսաթափությանը, այնուհանդերձ, ինչպես իշխանափոխությունից անմիջապես հետո, այնպես էլ դրանից 10 ամիս անց անսահման հավատով է լցված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ու վստահ է նրա անկեղծության մեջ։
Գուցե այդպես էլ կա, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Տնտեսության զարգացումները Հայաստանում բարելավման նշաններ ցույց չեն տալիս, որքան էլ պաշտոնական վիճակագրությունն աճ է գրանցում։ Չկան այնպիսի բարեփոխումներ, որոնք կարող են շտկել իրավիճակը։ Ու որքան էլ կառավարությունը հույսը դրել է հասարակության գիտակցության վրա, դրանից տնտեսության որակը և սոցիալական իրավիճակը չի կարող լուրջ փոփոխությունների ենթարկվել։
Թերևս, սա էլ ստիպում է միջազգային կազմակերպություններին զգուշանալ իրենց գնահատականներում։ Ինչքան էլ նրանք բարյացակամ տրամադրված լինեն Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ, միևնույն է՝ իրականությունից չեն կարող փախչել։
Իսկ իրականությունն այն է, որ այս տարվա համար Համաշխարհային բանկը Հայաստանում սպասում է ընդամենը 4,3 տոկոս տնտեսական աճ։ ԱՄՀ-ն փոքր-ինչ ավելի լավատես է: «Ակնկալվում է, որ 2019թ. տնտեսական աճը մի փոքր ավելի չափավոր կդառնա` հասնելով մոտ 4,5 տոկոսի»,- ասում է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը։
Սա նշանակում է, որ փոխարենը թռիչքաձև առաջ գնալու, ինչպես ոչ վաղ անցյալում խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, սպասվում է տնտեսական աճի դանդաղում` նախորդ երկու տարիների համեմատ։
Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվեց համախառն ներքին արդյունքի՝ 7,5, իսկ 2018թ.` 5,2 տոկոս ավելացում։
Թվում է, թե այս հետընթացը ժամանակավոր երևույթ է, ու հռչակած տնտեսական հեղափոխությունը դեռ կտա իր պտուղները։ Բայց դրանում ևս միջազգային կառույցները համոզված չեն։
Ինչպես ՀԲ-ն, այնպես էլ՝ ԱՄՀ-ն, առաջիկա երկու տարիներին մեծ ակնկալիքներ չունեն Հայաստանի տնտեսությունից։ Միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումներով՝ միջինժամկետ հեռանկարում մեր երկրի տնտեսությունը կաճի հազիվ 4-5 տոկոսով։
Այսպիսին է Հայաստանի տնտեսության աճի կարողությունը, համոզված է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը։ Նրա կարծիքով, փոքր և բաց տնտեսությունների վրա արտաքին միջավայրի ազդեցությունները սովորաբար շատ ավելի զգալի են։ Մինչդեռ սպասումներն այդ առումով այնքան էլ նպաստավոր չեն Հայաստանի համար։ Դրանք կարտահայտվեն արտաքին փոխանցումների և պղնձի գների տեսքով։
Արտաքին ֆինանսական հոսքերի առումով իրականում խնդիրներ կան։ Դրանք սկսեցին դրսևորվել դեռևս անցած տարվա վերջից։ Առանձին ամիսներին արձանագրվեց մասնավոր փոխանցումների անկում, ինչը ուղեկցվում է մեկ այլ մտահոգիչ երևույթով. գնալով ավելանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։
Սա լուրջ ռիսկ է Հայաստանի տնտեսության ու ֆինանսական հատվածի համար։ Չկան նաև դրսից ակնկալվող տնտեսական կապիտալի հոսքերը։
Ինչ մնում է պղնձին, ապա այս պահին այդ ապրանքի գինը միջազգային շուկայում բավական բարձր դիրքում է գտնվում։ Այն տատանվում է տոննայի դիմաց 6,5 հազար դոլարի սահմաններում, որը միանգամայն նպաստավոր առաջարկ է հայաստանյան ընկերությունների համար։
Միջազգային շուկայում պղնձի այդ գինն էր գործում նաև 2017թ., երբ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիների համար ռեկորդային բարձր աճ գրանցեց։ Այժմ ԱՄՀ փորձագետները դրա հետ կապված ռիսկեր են տեսնում` չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հանքարդյունաբերությունից տնտեսության կախվածությունը նվազեցնելու մասին։
Ինչևէ, անկախ նրանից, թե ինչ է խոստանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսությանը և հասարակությանը, մի բան ակնհայտ է, որ միջազգային երկու հեղինակավոր կառույցները հավատ չունեն հայտարարված թռիչքաձև զարգացումների և տնտեսական հեղափոխության նկատմամբ։ Իսկ դա արդեն լավ չէ։ Թեև այլ կերպ չէր էլ կարող լինել։
Հասարակությանը չարդարացված խոստումներ շռայլելով` Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Ու հիմա ինչքան էլ փորձում է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, դա առայժմ մնում է զուտ բարի ցանկություն։ Հասարակությունը սկսել է գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կախարդական փայտիկ էլ չունի, որով կարող է երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակ փոխել։
Փոխարենը ձևավորված վստահության մեծ պաշարը ծառայեցվեր կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը` կառավարությունն այն մսխում է տեղային ինչ-ինչ խնդիրներ լուծելու վրա։ Գործունեության 10 ամիսներին այդպես էլ քայլ չարվեց որևէ համակարգային փոփոխություն իրականացնելու համար։
Պատճառներից մեկն էլ այն է, որ կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել իր անելիքների մեջ։ Դեռ Ազգային ժողով չհասած` օր ու մեջ փոխվում է այդքան չարչրկված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Մերթ որոշում են փաստաբաններին ու հաշվապահներին հարկել ԱԱՀ-ով, մերթ` հետ են կանգնում, մերթ՝ պատրաստվում են բարձրացնել ռեստորանների շրջանառության հարկը, մերթ` հրաժարվում են, մերթ՝ թույլ չեն տալիս աջ ղեկով մեքենա ներկրել Հայաստան, մերթ` մտափոխվում են։ Է հետո, ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել։
Շուրջ երեք ամիս է՝ իշխանությունը չի կարողանում կառավարության կառուցվածք հաստատել։ Ու բնավ զարմանալի չէ, որ հայտնի ֆինանսական կառույցները հավատ չունեն Հայաստանի տնտեսության ապագայի ու կառավարության հայտարարած հեղափոխական աճերի նկատմամբ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ