«Արդար ընտրությունները յուրաքանչյուրը պետք է ընդունի ի գիտություն». Նախարարը՝ ուրցաձորցիների բողոքի մասին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համաձայն չէ, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն ուշացվում է։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ երեկ ավարտվել է ժամկետը, երբ նախագիծը պետք է մնար e-draft կայքում։
«Շտապելու խնդիր չկա, պրոցեսն ընթանում է իր բնականոն հունով։ Գաղտնի ոչինչ չկա, ոչինչ չի արվում կուլիսների ետևում, բոլորին ամեն ինչ պարզ է»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ նախագիծը կքննարկվի կառավարությունում և կուղարկվի ԱԺ։
Անդրադառնալով տնտեսական հեղափոխությունը մարզերից սկսելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Ս.Պապիկյանը կարևորեց յուրաքանչյուր անձի մասնակցությունը և աշխատանքի նկատմամբ հարգանքը։ Նրա խոսքով՝ կառավարությունն իր հերթին՝ քայլեր է ձեռնարկելու, և Հարկային օրենսգրքի փոփոխությունը դրա վառ վկայությունը կլինի, 24 մլն շրջանառություն ունեցողները կազատվեն հարկերից, արտոնյալ վարկերի միջոցով կխրախուսվեն, որ գոյանա կայացած միջին խավ։
Ուրցաձորցիների բողոքի վերաբերյալ նախարարը նշեց, որ արդար ընտրությունները յուրաքանչյուրը պետք է ընդունի ի գիտություն. «Եթե եղել են գումար բաժանելու կամ այլ չարաշահումներ, թող դիմեն իրավապահներին։ Մինչ օրս որևէ նման փաստի ես չեմ հանդիպել։ Անկախ համայնքապետը հին էր, մեկ այլ թեկնածուի մասնակցության պարագայում հաղթել է այդ անձը։ Իշխանության խնդիրն է՝ ապահովել ընտրությունների արդարությունը։ Այս պահի դրությամբ չկան փաստեր, որոնք որևէ մեկի հետագա պաշտոնավարումն անհամատեղելի կդարձնեն»։
Ս.Պապիկյանի կարծիքով՝ այն օրը, երբ իշխանությունները կխառնվեն ընտրական պրոցեսին, չեն կարող ասել, որ ՀՀ-ում ընտրություններն ազատ ու արդար են.
«Ինչո՞ւ մենք մտնենք մի դաշտ, որտեղ ամեն ինչ հստակ է։ Եթե կան իրական փաստեր, թող ներկայացնեն պատկան մարմիններին, ես չեմ կարող ինձ վրա վերցնել Դատախազության լիազորոթյուններ»։
Նախարարը նշեց, որ ՊՎԾ-ն քաղաքացիների դիմումով պարտավոր էր գնալ և տեղում ծանոթանալ բարձրացված խնդիրների իրականությանը, մնացածը՝ թե ինչ արդյունքներ են արձանագրվել, դա հետագայում պատկան մարմինների խնդիրն է։
Հարցին՝ համայնքապետի ետկանչման գործընթաց կա՞, Ս.Պապիկյանը պատասխանեց, որ այդ «ետկանչումը» հաջող տերմին չէ, կարող է լինել անվստահություն հայտնելու գործընթաց։