
Ոստիկանապետը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ներկայացրեց Հայաստանում հանցագործությունների թվի ավելացման պատճառները

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն Ազգային Ժողով հրավիրված Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվել են վերջին շրջանում հանցագործությունների թվի ավելացման մասին: ՀՀ ոստիկանապետի հետ քննարկումից հետո լրագրողներին այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Երկու ժամվա ընթացքում պատգամավորների կողմից հնարավոր բոլոր հարցերը հնչեցվել են, այդ թվում՝ այն մասին, թե վերջին շրջանում ինչու է Հայաստանում հանցագործությունների թիվն ավելացել, ինչն է դրան նպաստել և ինչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը շտկվի: Ոստիկանապետն այդ հարցերին պատասխանեց և նշեց մի քանի հանգամանք՝ պատճառների հետ կապված, որոնցից մեկը համաներման հետ էր կապված:
Մյուսը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հաղորդում տվողների թիվը Հայաստանում բավական շատացել է։ Եթե նախկինում մարդիկ խուսափում էին հաղորդում տալուց, ներկայումս մեծամասնությունը կաշկանդված չէ այդ հանգամանքով: Ամեն դեպքում՝ մենք ճշտեցինք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ոստիկանությունը իրավիճակը վերահսկելու համար: Նա նշեց, որ ամեն ինչ վերահսկելի է, և համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մասնավորապես՝ լուսավորության և բազմաբնակարան շենքերի տեսախցիկների տեղադրման հարցում, որովհետև ուսումնասիրությունը ցույց է տվել, որտեղ լուսավորությունը առկա է և տեսախցիկներ կան հանցագործությունների քանակը քիչ է »,- ասաց Մակունցը:
Հարցին՝ հավաստի են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարել պարբերաբար հանդիպման հրավիրել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, Լիլիթ Մակունցը բացասական պատասխան տվեց։