Սա ի՞նչ ամբարտավանություն է, պարոն Սանասարյան
Իշխանության որոշ ներկայացուցիչների ցինիզմն ու պարզունակությունը սահմաններ չունի: Կոնկրետ այս դեպքում խոսքը Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մասին է:
Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՊՎԾ աշխատակիցների՝ ԱԱԾ կողմից կոռուպցիոն գործարքի մեղադրանքով կալանավորմանը, Սանասարյանը նախ՝ օրինակելի աշխատակողներ որակեց նրանց, կասկածի տակ դրեց վերջիններիս մեղավորության փաստն ու, ուշադրություն, քանի որ կոռուպցիոն գործարքն ուղղակիորեն առնչվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ին, Սանասարյանը բառացի ասաց, թե քանի որ թեման վերաբերում է կոնկրետ այդ բուժկենտրոնին, ապա որոշ լրատվամիջոցների հարձակումների մասով ենթադրությունները թողնում է հանրությանը՝ ակնարկելով, որ ինքն ու իր թիմակիցներն անմեղ են, իսկ մեղավորը «մամուլի հարձակումներ» կազմակերպողներն են:
Առհասարակ, նորահայտ իշխանավորների մոտ սովորություն է դարձել սեփական անկարողությունը, հանրային օբյեկտիվ դժգոհությունը կամ մամուլի արդարացի անդրադարձը «մեդիա հարձակում» պիտակելու միջով՝ պաշտպանություն կորզել ամենատարբեր շրջանակներից: Պարզ բանաձև է. ստեղծում են իմիտացիա, թե իրենք մեդիա «հարձակման զոհ» են՝ մի կողմից սեփական ձախողումն արդարացնելու, մյուս կողմից էլ՝ ենթադրյալ հարձակումից պաշտպանվելու գործում աջակցություն ստանալու ակնկալիքով:
Կոնկրետ Սանասարյանի ակնարկը ոչ միայն չափազանց անլուրջ է, այլև ծիծաղելի: Ի՞նչ է ուզում ասել Սանասարյանը: Արդյո՞ք նկատի ունի, որ իր ենթակաների չարաշահումների փաստով ԱԱԾ հաղորդում ներկայացրած Արսեն Թորոսյանն ուղղորդվել է մամուլի կողմից: Կամ գուցե նրանց մամուլի ուղղորդմամբ է բուժկենտրոնի նոր ղեկավարը բացատրություններ տվել ԱԱԾ-ում՝ ընդդեմ Սանասարյանի աշխատակիցների, իսկ գուցե ԱԱԾ-ի՞ն են ուղղորդել գործ հարուցել ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ և բավարար հիմքեր ձեռք բերելու արդյունքում կալանավորել ՊՎԾ պաշտոնյաներին: Իսկ գուցե իր մամլո ծառայությա՞նն էին ուղղորդել անհոդաբաշխ ու անհասկանալի մամուլի հաղորդագրություններ տարածել և ծիծաղի առարկա դառնալ: Սա ի՞նչ ամբարտավանություն է:
Մեկ այլ հարց է, թե ինչո՞ւ է «արդարության մարտիկի» կերպարանք ընդունած ու անգամ գերեզմանում կոռուպցիայի դեմ պայքարի խոստում տվող Սանասարյանն «ատամներով պաշտպանում» կոռուպցիոն գործարքներում ակնհայտորեն ներգրավված անձանց: Հավանաբար, սեփական ապագայի հետ կապված վախեր ունի և հիմա զոհ ձևանալով՝ փորձում է ժամանակ շահել: Համենայնդեպս, նրա պահվածքից նման տպավորություն է ստեղծվում:
Ինչևէ, սթափության կոչ է պետք անել բոլոր նրանց, ովքեր քավության նոխազներ փնտրելու եղանակով փորձում են արդարացնել սեփական մեղսակցությունը կամ անմեղսունակությունը: Դուք սպառել եք սին խոստումներով ու անհեթեթ վարկածներով հանրությանը կերակրելու ու ինքնարդարացնող հանգամանքներ հորինելու բոլոր հնարավորությունները, պարոնա՛յք: Հաղթահարեք սեփական բարդույթները և հիշեք, որ պատասխան եք տալու թե՛ սեփական գործողությունների, թե՛ անգործությունների համար: