Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ողբերգության զոհերի հիշատակին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ:

 

Ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»:

Հանրապետության նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տեսանյութեր

Լրահոս