Բաժիններ՝

30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ խոշոր չափերով խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ խոշոր չափերով խարդախություն և խոշոր չափերով շորթում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. փետրվարի 27-ին Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1994թ., ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. փետրվարի 4-ից մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության տնօրեն ներկայացած անձն իր ընկերությունում աշխատանքի տեղավորելու խոստումով և իբր իրեն փորձելու համար, հետ վերադարձնելու պատրվակով, իրենից մաս-մաս վերցրել և հափշտակել է 780.000 ՀՀ դրամ գումար, իսկ իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության լուսանկարներն իր հարազատներին ուղարկելու սպառնալիքով 2019թ. փետրվարի 26-ին իրենց պահանջել է 600.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով։

2019թ. փետրվարի 27-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ՝ նախաքննություն կատարելու համար: Հաշվի առնելով մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունը՝ կազմվել է քննչական խումբ։ 24-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ երիտասարդ աղջիկը համացանցում թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հանդիպել է որպես ընկերության տնօրեն ներկայացած 30-ամյա տղամարդու հետ: Վերջինս ասել է, թե, իբր, ինքը գերմանահայ է, իրեն Հայաստանում վստահելի մարդ է պետք, քանի որ ունի շատ բիզնեսներ, և ցանկանում է, որ այդ ամենի պատասխանատուն լինի 24-ամյա աղջիկը:

Իմանալով, որ աղջկան աշխատանքը խիստ անհրաժեշտ է և որ վերջինիս մայրը հիվանդ է, տղամարդը խոստացել է օգնել, բայց միաժամանակ նշել, որ պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա՝ խոստանալով բարձր աշխատավարձ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, իբր փորձություն անցնելու պատրվակով, աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել: Բացի այդ, նա նույն պատրվակով աղջկան համոզել է բանկից, այնուհետև վարկային կազմակերպությունից վարկեր վերցնել և տալ իրեն՝ ընդհանուր 680 000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ տղամարդն աղջկանից տարբեր օրերին ևս գումարներ է վերցրել՝ իբր հետ վերադարձնելու պայմանով, իսկ երբ աղջիկը հրաժարվել է հերթական անգամ սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ, վերջինս հայտնել է, թե վերցրած գումարները չի վերադարձնի:

2019թ. փետրվարի 25-ին՝ աղջկա հետ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդը վերջինիցս պահանջել է ևս 400 000 ՀՀ դրամ գումար, իսկ երբ աղջիկը հրաժարվել է նշված գումարը տալ, նա պահանջվող գումարի չափն ավելացրել է՝ դարձնելով 600 000 և միաժամանակ հայտնել, որ գումարը չտալու դեպքում իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության լուսանկարները կուղարկի նրա եղբորը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նախապես քիմիական նյութով մշակվել է 20.000 ՀՀ դրամանոց թղթադրամներից բաղկացած 600.000 ՀՀ դրամ գումարը, որը 24-ամյա աղջիկը պայմանավորված վայրում` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտ, 2019թ. փետրվարի 27-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, տվել է ընկերության տնօրեն ներկայացած տղամարդուն:

Դեպքի վայրի զննությամբ՝ հայտնաբերվել է նաև շորթված գումարի մնացած մասը`580 000 ՀՀ դրամը: Կատարված զննությամբ և անձնական խուզարկությամբ 1988թ. ծնված տղամարդու ձեռքերին ու հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանաչ գույնով լուսարձակվող նյութի հետքեր։ 30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ խոշոր չափերով խարդախություն և խոշոր չափերով շորթում կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս