Բաժիններ՝

Լարված իրավիճակ ԵՊՀ-ում

Ժամը 11։00-ից Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) մեկնարկել է  հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգում մեկ հարց է` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը:

Նիստի սկզբում հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ասաց, որ այսօր նկատվում են որոշ խմբեր, որոնք համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը փորձում են ծառայեցնել իրենց շահերին։ «Համոզված եմ, որ իրավիճակը հանգուցալուծում չստանալու դեպքում ամեն օր միայն ու միայն ավելի Է բարդանալու»,- նշեց Գևորգ Մուրադյանը։

Նրա ելույթի ավարտին ամբիոնին մոտեցավ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը և մետաղադրամներ լցրեց հոգաբարձուների նիստը վարողների սեղանին՝ ասելով. «Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրամին, ձեզ չպահեք»։

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ իր ելույթում նշեց, որ բուհում իրոք խնդիրներ կան, բայց դրանք չի կարելի կապել Արամ Սիմոնյանի անձի հետ։

Այդ ընթացքում մի քաղաքացի մոտեցավ ամբիոնին, ներկայացավ՝ որպես գնդապետ, մարտական խաչի ասպետ ու հայտարարեց, որ «ԵՊՀ-ում 30մլն-ի ներդրում է արել, սակայն ռեկտորն իրեն քաշել է»։ Աղմուկ բարձրացավ, քաղաքացուն ոստիկանների օգնությամբ դուրս հրավիրեցին, ուսանողներին և  լրագրողներին՝ նույնպես, քանի որ որոշել էին նիստը դռնփակ անցկացնել։

Քիչ անց, սակայն, ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշեց լրագրողներին թույլ տալ մասնակցել նիստին։  Նիստին մասնակցում է հոգաբարձուների 32 անդամներից 31-ը։

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները հայտարարություն էին տարածել, որում ասված էր.

«1. Որո՞նք են այս օրակարգային հարցով հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրելու պատճառները: Եթե հիմքը ռեկտորի անարդյունավետ կառավարումն է, ապա ինչո՞ւ է մեկ ամիս առաջ միաձայն հաստատվել ռեկտորի տարեկան հաշվետվությունը: Եթե հիմքը ենթադրյալ  իրավախախտումներն ու չարաշահումներն են, ապա որտե՞ղ է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Ակնհայտ է, որ ՊՎԾ պաշտոնյաների կամ Ոստիկանության հայտարարություններն իրավական հիմք չեն կարող հանդիսանալ:

2. Ի՞նչ իրավական հիմքով է ԿԳ նախարարը հորդորում ԵՊՀ ռեկտորին հրաժարական տալ: Արդյո՞ք այդ հորդորը բուհի ինքնավարության նկատմամբ ոտնձգություն չէ, և օրակարգային նման հարցի առաջադրումն էլ պայմանավորված չէ ռեկտորի կողմից նախարարի հորդորներին տեղի չտալով:

Նման օրակարգային հարց քննարկելով` հոգաբարձուների խորհուրդը փաստացի դառնում է միջանձնյա հարաբերությունների կարգավորման գործիք և լեգիտիմացնում ԵՊՀ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները: Այս ամենը ոչ միայն չի բխում ԵՊՀ ինքնավարության և ինստիտուցիոնալ կայունության շահերից, այլ էապես արժեզրկելու է հոգաբարձուների խորհուրդը` որպես ինստիտուտ, և նպաստելու է ԵՊՀ-ի քաղաքականացմանը: Մենք համոզված ենք, որ ԵՊՀ-ում կա բարեփոխումների մեծ անհրաժեշտություն, և այդ բարեփոխումները վստահաբար ենթադրում են նաև անձերի փոփոխություն, սակայն ստեղծված իրավիճակն առաջ է քաշել ավելի կարևոր արժեքների պահպանության անհրաժեշտություն, որոնք են իրավականությունը, ինքնավարությունը և բարոյականությունը»:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ. Օրակարգային հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ. Օրակարգային հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն է

Gepostet von armdaily.am am Mittwoch, 27. Februar 2019

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս