ՊՎԾ վարչության պետ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել

Պետական վերահսկողության ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը։

Մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջադրել է ծանր հետեւանքներ, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն  ընտրելու վերաբերյալ։

Մնացականյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ցուցմունք տվել է, եւ մեղադրանքը չի ընդունում։ Առերեսում տեղի չի ունեցել։

Գործով կան եւս երկու մեղադրյալ։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ վարչության պետերի։ Հետագայում ՊՎԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ տարածված լուրերը խեղաթյուրված են՝ ձերբակալվել է 2 աշխատակից։

Ադյանից բացի ձերբակալվել է նաեւ ՊՎԾ աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, երրորդը Տարոն Ավետիսյանն է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները եղել են 4-ը։

ԱԱԾ-ն դեռ երկու օր առաջ խոստացավ հանդես գալ հայտարարությամբ, սակայն մինչ օրս լռում է՝ հրաժարվելով տրամադրվել գործով որեւէ տեղեկություն եւ առաջարկելով սպասել իրենց հայտարարությանը։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ գործի հիմքում բժշկական, մասնավորապես՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահած բժշկական ոլորտի տենդերներն են։ «Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ նախկինում կահույքի բիզնես անող կազմակերպությունը որոշել է առողջապահական մատակարարումներով զբաղվել, և հանուն դրա փոխվել են մրցութային պայմանները։

Տեսանյութեր

Լրահոս