Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն կգլխավորի Կաննի 72-րդ փառատոնի ժյուրին
Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն կդառնա Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում, որը փետրվարի 27-ին տարածել է փառատոնի կազմկոմիտեն:
«Իմ կարիերայի սկզբից ի վեր Կաննի փառատոնն ինձ համար շատ կարեւոր է եղել: Ես շատ շոյված եւ ուրախ եմ այս տարի այստեղ վերադառնալու համար եւ անսահմանորեն հպարտ եմ ժյուրին նախագահելու համար»,-մամուլի տեղեկագրում մեջբերված է ռեժիսորի խոսքը, ով հավելել է, որ «կինոն մոլորակի երակներն է, իսկ այս փառատոնը՝ սիրտը»: 2019 թվականին Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից մինչեւ 25-ը:
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն մեքսիկացի ռեժիսոր է, սցենարիստ եւ պրոդյուսեր: Նա դարձել է առաջին մեքսիկացին, որը մրցանակի է արժանացել Կաննի փառատոնի (2006 թ.) «լավագույն ռեժիսոր» անվանակարգում, եւ առաջին մեքսիկացին, որը համանման կատեգորիայում անվանակարգվել է «Օսկար»-ի (2007 թ.). երկու դեպքում էլ «Բաբելոն» ֆիլմի (2006 թ.) համար: Երկու «Օսկար»-ների դափնեկիր Է (2015, 2016 թթ.) որպես լավագույն ռեժիսոր՝ «Բերդմեն» (2014 թ.) եւ «Փրկվածը» (2015 թ.) կինոնկարների համար:
Նաեւ «Փրկվածը» ֆիլմում ռեժիսորական աշխատանքի համար ստացել է «Ոսկե գլոբուս» (2016 թ.) եւ Դեւիդ Լինչի մրցանակ, որը շնորհվել է Բրիտանական կինոակադեմիայի կողմից (2016 թ.), հաղորդել է ՏԱՍՍ-ը: