
Իրանի խորհրդարանի անդամները խնդրել են Ռոուհանիին՝ Զարիֆին թողնել ԱԳ նախարարի պաշտոնում

Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակ են ստորագրել Ջավադ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում թողնելու խնդրանքով: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական խորհրդարանը փետրվարի 26-ի նիստի ընթացքում քննարկելու է ԱԳ նախարարի հրաժարականի հարցը:
Գործակալության տվյալներով՝ իրանական խորհրդարանի անդամների մեծամասնությունն ստորագրել է Ռոուհանիին հասցեագրված նամակը, որում խնդրել են, որ Զարիֆը շարունակի աշխատել ԱԳ նախարարության ղեկավարի պաշտոնում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետվրվարի 26-ի գիշերը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը:
«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել է Զարիֆն իր Instagram-ում:
Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: