Ի՞նչ է տվել մեզ` կրակը դադարեցնելու վերաբերյալ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունը. Պարզաբանում է ՀՀ վարչապետի խոսնակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ, բացի կարճ պաշտոնական հաղորդագրությունից, որևէ այլ տեղեկություններ չեն հրապարակվել: Հաղորդագրության մեջ ասվում է, որ վարչապետը ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները, մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը:

168.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ևս որևէ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ինքը ներկա չի եղել հանդիպմանը:
«Դա հատուկ հանդիպում էր, որտեղ մասնակցության ձևաչափն ավանդականորեն շատ սահմանափակ էր, մասնակցել են միայն Զոհրաբ Մնացականյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:

Թե ի՞նչ է տվել մեզ կրակը դադարեցնելու վերաբերյալ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունը, եթե ամեն օր սահմանին կրակոցներ կան, ինչի մասին անընդհատ պաշտոնական հաղորդագրություններ է տարածում Արցախի ՊՆ-ն՝ հարցին, Վ.Կարապետյանը պատասխանեց.

«Տվել է այն, որ հինգ ամսում ոչ մի զոհ չունենք, սահմանամերձ Տավուշի մեր գյուղերը հանգիստ շունչ են քաշում, և հարցրեք գյուղացիներից, թե որքան գոհ են նման վիճակից, որ ստեղծվել է: Տվել է այն, որ Ալիևի հռետորաբանությունը նման չի նրան, ինչ մենք գիտեինք Սերժ Սարգսյանի օրոք, անգամ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի այսքան թմբկահարված հանդիպումներից հետո: Այսինքն՝ բավականին լուրջ առաջընթաց ունենք այդ առումով: Դա չի նշանակում, որ կան երաշխիքներ, մենք չունենք պատրանքներ այդ ուղղությամբ, բայց դրականը, որ գրանցվել է, նույնպես պետք է ասել»:

Նա դժվարացավ հստակեցնել՝ եթե կրակը դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը գործում է, իսկ Արցախի սահմաններին կրակում են, արդյո՞ք նշանակում է, որ դա միայն Հայաստանի սահմաններին է վերաբերում, և Արցախը չի ներառվել այդ պայմանավորվածության մեջ:

Հարցին՝ Դուշանբեի պայմանավորվածության համաձայն՝ Փաշինյանի ու Ալիևի միջև ուղիղ կապը երբևէ օգտագործվե՞լ է, թե՞ ոչ, Կարապետյանը պատասխանեց. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունն ուժի մեջ է և այսօր էլ գործում է»:

Դիտարկմանը, որ Ալիևը վերսկսել է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, Վ.Կարապետյանը նշեց, որ չի կարծում, թե նրա հայտարարությունները տարբերվում են այն հայտարարություններից, որ Ադրեջանից լսում ենք շուրջ 20 տարի շարունակ. «Համենայն դեպս, մենք զգոն ենք, հասկանում ենք վիճակի զգայուն լինելը, նրբությունները, այս առումով որևէ պատրանք չունենք»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է նշանակում «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, որ «հենց հիմա Երևանն ու Բաքուն ցանկանում են, որ սահմանված լինի հանրաքվեի ստույգ օրը»:
«Բանակցություններ տեղի չեն ունեցել, որպեսզի մենք խոսենք բանակցային պայմանավորվածության մասին: Հոգլանդի խոսքը նորմալ նախկին միջնորդի շրջանակներում տեղավորվող հայտարարություն է»,- ասաց Վ.Կարապետյանը:

Մեր ճշգրտմանը՝ այսօր օրակարգում կա՞ հանրաքվեի օր սահմանելու հարցը, վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանեց. «Մենք չենք ներգրավվել բանակցություններում այն ֆորմատով, որ կար մինչև իշխանափոխությունը, որ կարողանամ լիարժեք մեկնաբանել»:

Անդրադառնալով սահմանին իրադրության վերաբերյալ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի երեկվա ֆեյսբուքյան գրառմանը, Վ.Կարապետյանը տեղեկացրեց, որ զրուցել է Թ.Պողոսյանի հետ, և վերջինս հայտնել է, որ այդ գրառումը որպես ՀԿ ղեկավար է արել:

Վարչապետի մամուլի քարտուղարը խնդրել է ապագայում նման դեպքերում հստակեցնել, թե ինչ կարգավիճակով են արվում հայտարարությունները՝ լրատվամիջոցների համար ավելի հասկանալի դառալու նպատակով: Կարապետյանն ուշադրություն հրավիրեց նաև առկա արձագանքներին, հատկապես՝ ՊՆ-ից հնչող:

Նշենք, որ Թ.Պողոսյանի գրառման կապակցությամբ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Ինժեներական աշխատանքները մշտական են, ու չի կարող լինել այնպես, որ մերոնք գործ չանեն։ Իսկ կրակելը՝ իրենք միշտ էլ ավելի շատ են կրակել։ Մենք միշտ էլ թիրախային կրակոցներին ենք պատասխանել, ու ոչ մի թիրախային կրակոց անպատասխան չի կարող մնալ»։

Իսկ Թևան Պողոսյանը մասնավորապես գրել էր. «Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։

2018թ. ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ: Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետևանքով»։

Տեսանյութեր

Լրահոս