
«ՉԼ-ում հաղթելուց հետո Պերեսը մերժեց Ռոնալդուին՝ աշխատավարձի բարձրացման հարցում». «Ռեալի» նախկին նախագահ

«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հեռացել է Մադրիդից Ֆլորենտինո Պերեսի կողմից ընդունված որոշումների պատճառով:
«Կրիշտիանուն խնդրեց բարձրացնել իր աշխատավարձը Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո, սակայն Պերեսը չգնաց այդ բանին: Բացի այդ, Ռոնալդուին զայրացրել էին իրեն հասած շշուկները, համաձայն որոնց՝ «Ռեալը» պատրաստ էր մեծ գումար վճարել Նեյմարի համար:
Ֆլորենտինոն ասել էր Ռոնալդուին, որ, եթե նրա համար առաջարկեն 100 մլն եվրո, ապա նրան բաց կթողնեն: Այդպես էլ եղավ: Պարզ է, որ Զիդանը Պերեսին խնդրել էր ինչ-որ բանի մասին, որը չէր կատարվել: Նման պահանջներից մեկն էր այն, որ Ռոնալդուն երբեք չպետք է հեռանա «Ռեալից»»,- Կալդերոնին է մեջբերում Goal-ը:
Ռոնալդուն հեռացավ «Ռեալից» 2018թ. ամռանը՝ ձևակերպելով տրանսֆեր «Յուվենթուսի» հետ: Թուրինցիները ֆուտբոլիստի համար վճարեցին 117 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը