«Դա աբսուրդ է, ես չէի կարող ունենալ նման աբսուրդ մոտեցում». Հովհաննես Իգիթյան

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ

– Պարոն Իգիթյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Երևան և Բաքու, ՀՀ իշխանությունների հետ հանդիպման օրակարգում ի՞նչ է եղել:

– ՄԽ բոլոր գործողություններն ուղղված են վերսկսելու բանակցային պրոցեսը: Որևէ տարբերակ, որևէ բանաձև, որևէ նախապայմաններ չեն քննարկվել, այլ ՄԽ-ն փորձում է կողմերի մոտեցումներն իմանալ, թե ինչպես կարելի է վերսկսել մոտ 3 տարի առաջ խզված բանակցային փուլը:

– Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը համանախագահներին պետք է փոխանցի Դավոսում Իլհամ Ալիևի հետ հանդիպման էությունը, բայց Ն.Փաշինյանն ասել էր, որ Դավոսում որևէ հարց չեն քննարկել, դիրքորոշում են ներկայացրել և բանակցային պատմությունից են խոսել: Հիմա Փաշինյանը կոնկրետ ի՞նչ է ասել ՄԽ համանախագահներին:

– Ես չեմ մասնակցել այդ հանդիպմանը, կարող եմ միայն ենթադրել՝ հաշվի առնելով այն կոնցեպտուալ հայտարարությունները, որ հնչեցրել է վարչապետ Փաշինյանը Դավոսում, մասնավորապես՝ պարզ է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային փուլ, բայց եղել են մի քանի հայտարարություններ, որոնք այս հայտարարության շարունակությունն են, այսինքն՝ որևէ բանաձևով մենք չպետք է գնանք բանակցությունների, որևէ բանաձև կամ մոտեցում կամ կարգավիճակ պետք է ծնվի բանակցությունների վերջում: Փաշինյանը Դավոսում մի հետաքրքիր հայտարարություն արեց, որ բանակցությունների արդյունքում ստեղծված առաջարկը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Սա ասելով՝ Փաշինյանը սպասում էր, որ նույնպիսի հայտարարություն պետք է աներ Ալիևը, որովհետև Ադրբեջանը միշտ դրսևորում է ագրեսիվ, ոչ կառուցողական մոտեցում: Եթե մի կողմը՝ Ադրբեջանը, անընդհատ որպես լուծում՝ տեսնում է մի կարգավիճակ, որը փաստացի ցածր է, քան այսօր գործող կարգավիճակը, և նրա առաջարկած կարգավիճակով որևէ երաշխիք չի տրվում այնտեղ ապրող հայերին, դա ոչ կառուցողական է: Կառուցողական կլիներ նույնպիսի առաջարկն Ալիևի կողմից, որ պետք է լինի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ենթադրում եմ՝ այս մոտեցումն է փոխանցվել ՄԽ-ին:

– Օրերս մամուլում հրապարակում եղավ, որ 1997 թվականի հունվարի 28-ին ՀՀՇ պաշտոնաթերթ «Հայք» օրաթերթում գրվել է, որ Եվրախորհրդում Դուք հայտարարություն եք արել, որ Հայաստանը պատասխանատու չէ Ղարաբաղի համար քաղաքականապես, այլ պատասխանատու է միայն սոցիալապես: Դուք արե՞լ եք նման հայտարարություն, եթե՝ այո, ապա այսօ՞ր էլ եք այդ կարծիքին:

– Դա աբսուրդ է, և ես չէի կարող ունենալ նման աբսուրդ մոտեցում: Տարբեր ժամանակներ եղել են տարբեր մոտեցումներ՝ ԼՂ-ի հետ կապված: 1997 թ. մեր դիրքորոշումը հետևյալն էր՝ ՄԽ-ի մոտեցումներից այն կողմ մենք չենք կարող անցնել, իսկ ՄԽ մոտեցումն այն էր, որ կողմերը փնտրում են ընդհանուր մոտեցում, որն ընդունելի պետք է լինի բանակցային երեք կողմերի համար: 1997թ. Լեռնային Ղարաբաղը հանդիսանում էր ակտիվ կողմ: Սրանից զատ որևէ հայտարարություն որևէ մեկը չէր կարող անել, այդ թվում՝ ես:

Եվ ամենակարևորը՝ եթե հիշում եք, այն ժամանակ ՄԽ փուլային առաջարկը, որն արդեն շրջանառվում էր, մերժվեց՝ շնորհիվ Լեռնային Ղարաբաղի վետոյի: Այն ժամանակ մենք շատ ակտիվ էինք ԵԽ-ում, այդ թվում՝ նաև ես, որպեսզի ընդգծենք ԼՂ սուբյեկտիվության հարցն առնվազն մարդու իրավունքների տեսակետից, որովհետև այն ժամանակ քննարկումների շարք էր գնում ԵԽ-ում անվտանգության, մարդու իրավունքների տեսակետից՝ թե՛ Կոսովոյում, թե՛ այլ հակամարտություններում, և մենք կարողացել ենք 1997-98թթ. առանձին լսումներ կազմակերպել, որտեղ որպես առանձին սուբյեկտ, լսումների մասնակից՝ հանդիսացել է Լեռնային Ղարաբաղը:

Դա շատ մեծ հաջողություն էր, և, կարծում եմ, եթե իշխանափոխությունը չլիներ 1998թ., ապա Կոսովոյի հետ միասին՝ ԼՂ գործընթացը կգնար այդ ուղղությամբ, որովհետև այն ժամանակ արդեն պարզ էր, որ միջազգային հանրությունը Կոսովոյի համար փնտրում էր անվտանգություն՝ ոչ միայն բնիկ ալբանացիների, այլև՝ այնտեղ ապրող սերբական փոքրամասնության համար: Եվ այս խճճված խնդրի լուծումը միջազգային հանրությունը տեսնում էր Կոսովոյին հատուկ կարգավիճակ շնորհելու մեջ, և այն ժամանակ առաջին անգամ խոսվեց Կոսովոյին միջազգային սուբյեկտի կարգավիճակ տալու մասին: Հիշում եք, այն ժամանակ առաջին փուլում ազատագրված տարածքներն անվանում էինք անվտանգության գոտի, դա եղել է մինչև Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունումը, որից հետո այդ հողերը դարձան Արցախի անբաժանելի մաս:

Եվ մենք գտնում էինք, որ միայն այդ բուֆերային գոտին շատ քիչ է անվտանգության համար, ու փորձում էինք ավելացնել որևէ այլ երաշխիք, և Կոսովոյի տարբերակը տալիս էր որևէ ձևով միջազգային սուբյեկտ լինելու հնարավորություն:

Հիմա Կոսովոն Սերբիայի կողմից ճանաչված չէ, բայց 115 կամ ավելի երկրներ ճանաչել են՝ որպես անկախ, և Կոսովոյում անվտանգությունն ապահովված է: Եթե 1998-ի իշխանափոխությունից հետո որևէ այլ մարդ լիներ ՀՀ նախագահ, այլ ոչ Ռոբերտ Քոչարյանը, որն իրեն ներկայացնում էր թե՛ ՀՀ նախագահ, թե՛ ԼՂՀ նախկին նախագահ՝ դրանով ընդգծելով իր իրավունքը՝ ներկայացնելու 2 պետություններին ու ժողովուրդներին, ապա ինձ թվում է՝ ԼՂ գործընթացն ավելի լավ հունով կգնար, ԼՂ-ն կմնար սուբյեկտ, և մենք այսօր այս խնդրի առաջ կանգնած չէինք լինի, որ նորից փորձում ենք ԼՂ-ն վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Եթե զուգահեռ տանենք ԼՂ-ի և Կոսովոյի միջև, ապա Կոսովոն միշտ ինքն իրեն է ներկայացրել, Ալբանիան երբեք չի ներկայացրել Կոսովոյի շահերը:

Կոսովոն միջազգային ճանաչված խնդիր էր, նույնը մենք փորձում էինք անել ԼՂ-ի համար: Ես գիտեմ՝ որտեղից են գալիս այդ բոլոր հրապարակումները, ես չէի կարող այն ժամանակ սխալ հայտարարություն անել, ինչպես որ այսօր չեմ կարող դա անել, որովհետև իմ ներքին պատկերացումն ինչպես եղել է, այդպես կա, և նույնիսկ 1997թ. առաջադրված փուլային տարբերակը ես չէի ընդունել:

– Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ հեռուստատեսություններից մեկին տված հարցազրույցում մեջբերումներ արեց 1997թ. «Լրագիր» թերթից, որտեղ Ժիրայր Լիպարիտյանն ասել էր, որ առանց Ղարաբաղի՝ Հայաստանն այլևս երկկողմ հանդիպումների չի գնա, այսինքն՝ Ղարաբաղն այն ժամանակ էր արդեն դուրս մնացել բանակցություններից, և ոչ թե՝ Ռ.Քոչարյանի օրոք:

– Եկեք որպես հիմք չվերցնենք Վիկտոր Սողոմոնյանի որևէ հայտարարություն: Նա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է և պետք է իր լիազորությունների սահմաններում հայտարարություններ անի: Ես նաև առնվազն զավեշտ եմ համարում Քոչարյանի գրած գրքից մեջբերումները որպես ապացույց ներկայացնելը: Այդ գիրքը գեղարվեստական մի ստեղծագործություն է, որտեղ գրիչն ու թուղթը Քոչարյանի մոտ էին, ինչ ուզել՝ գրել է: Մենք չպետք է դրան վերաբերվենք՝ որպես փաստագրական արժեքի, պատմաբաններն այստեղ անելիք չունեն: Եթե անդրադառնանք փաստերին՝ համոզված եմ, որ յուրաքանչյուրը կարող է համացանցում գտնել Ֆրանսիայի համանախագահ պարոն Ֆոնսիեի հայտարարությունը 1998-ին, երբ լրագրողի հարցին՝ ինչո՞ւ ՄԽ-ն թույլ չի տալիս՝ ԼՂ-ն ակտիվ մասնակցի, նա պատասխանում է, որ դա որոշել է ՀՀ նախագահ Քոչարյանը: Դա միանշանակ է:

Ես ո՛չ մեղադրում եմ, ո՛չ արդարացնում Ռ.Քոչարյանին, բայց նա դա 2 պատճառով արեց՝ իրոք գտնում էր, որ ինքն իրավունք ունի ներկայացնել ԼՂ-ն՝ գոնե մեկ անգամ ընտրված լինելով ԼՂ ժողովրդի կողմից, երկրորդ՝ ինքն իրոք գտնում էր, որ ԼՂ-ում չկա այդպիսի քաղաքական կենտրոն, որը կարող է ներկայացնել ԼՂ-ն ավելի լավ, քան ինքը: Այստեղ կարող է և ճշմարտության ինչ-որ հատիկ լինել, որովհետև, դառնալով ՀՀ նախագահ, նա իր հետ Ստեփանակերտից բերեց այն ժամանակ ԼՂ-ում էական դերակատարներին՝ այդպիսով ամայացնելով ԼՂ քաղաքական էլիտան:

– Եվ հիմա Ղարաբաղը բանակցային սեղան բերելն ինչպե՞ս կազդի գործընթացի արդյունավետության վրա:

– Եկեք տրամաբանությունը սկզբից նայենք. Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ ես ընտրված եմ եղել ԼՂ ժողովրդի կողմից, ես ղարաբաղցի եմ, ես Ղարաբաղն ավելի լավ եմ հասկանում, քան ցանկացած հայաստանցի, և որպես ՀՀ նախագահ՝ ներկայացնում եմ և՛ ՀՀ, և՛ ԼՂ ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ունի ՀՀ ժողովրդից մանդատ՝ ցանկացած հարց ներկայացնելու, բայց մանդատ չունի ԼՂ քաղաքացիների կողմից, բնիկ հայաստանցի է, չի եղել ԼՂ քաղաքացի, պատերազմին ուղղակի ձևով չի մասնակցել:

Սա շատ տրամաբանական է: Կա Ալիևը, որն ընտրված է և ներկայացնում է Ադրբեջանի ժողովրդին, այդ թվում՝ ԼՂ ադրբեջանական համայնքին, կա Նիկոլ Փաշինյանը, որը միջազգային հանրության կողմից ընդունված ձևով, լեգիտիմ ներկայացնում է ՀՀ ժողովրդին: Ո՞վ պետք է ներկայացնի ԼՂՀ տարածքում գտնվող մարդկանց: Այդ զանգվածը դուրս է մնացել բանակցային փուլում իր տեսակետը ներկայացնելուց: Մեկ հոգի կա, որ կարող է նրանց ներկայացնել՝ այսօրվա Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը: Եթե ինքը չլինի սեղանի շուրջ, ո՞ւմ համար է այս գործընթացը:

Ի վերջո, հիշենք ՄԽ ստեղծման պատճառը՝ հասնել զինադադարի և ստեղծել ԼՂ-ի համար մի կարգավիճակ, որը զինադադարը դարձնի հարատև ու ապահովի այնտեղի բնակչության անվտանգությունը: Եվ ՄԽ-ն որևէ որոշում չէր ընդունում, հավաքում էր առաջարկները, ներկայացնում բոլոր երեք կողմերին, և այդ ձևաչափը գործել է մինչև Ռոբերտ Քոչարյանի ընտրվելը: Վերջինը, որ հասցրեց անել ԼՂ-ն, նախքան Քոչարյանը նրան դուրս մղեց, փուլային տարբերակի վրա վետո դնելն էր: Սրանից ավելի լավ փաստ, որ ԼՂ-ն մասնակցում էր, հնարավոր չէ գտնել: Եվ ոչ միայն մասնակցում էր, այլև այդ փուլային տարբերակը կարողացավ նետել քաղաքական աղբարկղ:

Տեսանյութեր

Լրահոս