Ամեն մի նորը վաղուց մոռացված հինն է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր  ՀՀ արտաքին քաղաքականությունը, հատկապես օրենսդիրում, հենված է ՀՀՇ-ական գործիչ, ներկայումս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի վրա:

Բայց խոսքը միայն խորհրդարանական գործունեության մասին չէ:

«Փաստի» տեղեկություններով, ընդհանրապես արտաքին քաղաքականության «բեռը» մեծապես դրված է նրա վրա: Մասնավորաբար, հենց Իգիթյանին են վստահված Արցախյան հիմնախնդրի առանցքային նրբերանգները: Ի դեպ, Իգիթյանը 1995-99 թվականներին եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և Լևոն Տեր-Պետրոսյանի «լյուբիմչիկը»: Սակայն մեր լրագրողը պարզել է մի հետաքրքիր դետալ, որը կապված է Իգիթյանի նախկին գործունեության հետ:

1997 թվականի հունվարի 28-ի ՀՀՇ պաշտոնաթերթ «Հայք» օրաթերթում հրապարակվել է Իգիթյանի՝ Եվրախորհրդում ունեցած ելույթը, որտեղ անդրադարձ կա նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Հատկանշականն այն է, որ Իգիթյանն իր ելույթում խոսում է այն մասին, որ Հայաստանը Ղարաբաղի նկատմամբ կարող է ունենալ սոցիալական պարտավորություններ, բայց ոչ քաղաքական:

Հետաքրքիր է՝ պատգամավորն այսօր էլ է այդ մոտեցման կողմնակի՞ցը: Բայց սա դեռ ամենը չէ. նա իր այդ ելույթում նաև խոսում է, որ Արցախի հարցում բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի և Ղարաբաղի միջև: Սա ասվում է 1997-ին, երբ նախագահ էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիմա Հովհաննես Իգիթյանը պարբերաբար խոսում է դեմոկրատական արժեքներից, ընտրական թափանցիկությունից ու մարդու ազատ կամարտահայտությունից, իսկ շատերը գուցե արդեն չեն հիշում, որ հենց Իգիթյանն էր 1996-ին ղեկավարում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, իսկ թե ինչ տեղի ունեցավ այդ ընտրությունների ընթացքում և, առավել ևս, ընտրություններից հետո, հայտնի է բոլորիս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս