«Հույս ունենք, որ դրական տեղաշարժ կլինի, ու կմոռանանք Հայաստանից արտագաղթելու մտադրության մասին». Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներ
«Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։
Ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։ Այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սա լավ լուր է, և նշանակում է՝ հույս կա, որ գործարանը կրկին կաշխատի:
«Հույս ունենք, որ դրական տեղաշարժ կլինի, ու մենք կմոռանանք Հայաստանից արտագաղթելու մտադրության մասին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է աշխատակիցների՝ վարկեր ունենալուն ու ժամանակին մուծումներ անել չկարողանալուն՝ Մետալուրգիական արտադրամասի պետ Գարեգին Անթաշյանը հայտնեց, որ դրանք վերաձևակերպելու հարցը դեռևս լուծում չի ստացել:
«Խումբ ենք ստեղծել ու հավաքել ենք վարկ ունեցողների տվյալները: Դիմել ենք ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին, ինքն իր հերթին՝ դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Դեռ պատասխան չկա։ Զուգահեռ հ/կ-ների օգնությանն ենք դիմել։ Հնարավոր է՝ հանրային քննարկում լինի համապատասխան պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Հույս ունենք, որ մոտակա ժամանակներում գործընթացը կսկսվի»,- հայտնեց Գարեգին Անթաշյանը:
Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի թվով 300 աշխատակիցներ փետրվարի 13-ին և 15-ին փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը, բայց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանդիպելուց հետո դադարեցրել էին բողոքի ակցիան:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ:
Այժմ ընթանում են բանակցություններ ռուսական «ՎՏԲ բանկի» և «ԷյՍիՓի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարությունը միջնորդ է հանդիսանում այդ բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումներն իրար մոտեցնելու համար:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի աշխատակիցներն անմիջական կապ կպահպանեն փոխվարչապետի գրասենյակի հետ՝ վերջին զարգացումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:
Անի Կարապետյան