Գերքաղաքականացված մեկնաբանությունների դիմաց

Սիրիա մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի ուղարկումը, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում, տեղի է տվել տարատեսակ մեկնաբանությունների:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, մեկնաբանելով խմբին Սիրիա ուղարկելու որոշումը, հայտնել էր, որ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, եւ թե ԱՄՆ-ը կիսում է Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները, այսուհանդերձ նրանք չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը` դա լինի քաղաքացիական անձերի օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Վաշինգտոնը նաեւ չի պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը այս առաքելության նպատակով: Ըստ նրա՝ Մոսկվան գործակցել է Դամասկոսի վարչակարգի հետ` կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձերին եւ պատճառ է դարձել մարդասիրական աղետի: Միջազգային մակարդակում Ռուսաստանը շարունակում է հանդես գալ այս վարչակարգի եւ նրա հետ կապված վայրագությունների պաշտպանության դիրքերից:

Այս դիրքորոշման իմաստն այն է, որ հայկական խմբի ուղարկումը ողջունելի չէ, որովհետեւ այս ուղղությամբ Երեւանը գործակցում է Մոսկվայի հետ: Մնացյալը` կրոնական փոքրամասնությունների պաշտպանության առաջադրանք, կամ մարդասիրական իրավիճակին արձագանքելու սկզբունք, պարզապես կարգախոսային եւ զուտ ձեւակերպական բնույթ ունեն: Ընդգծելին վերաբերում է ռուսական գործոնին:

Ռուսական մամուլն անդրադառնում է այս հարցով ամերիկյան հավանական բացասական արձագանքներին, Մոսկվային  ունկնդիր լինելուն եւ Սիրիա խումբ ուղարկելու որոշումը անփոփոխ պահելուն: Եւ ընդգծում է այս պայմաններում ամերիկյան օժանդակության նկատմամբ որեւէ հույս չունենալը, նման կեցվածք եւ գործնական քայլեր Եվրոպական Միությունից սպասելը` այն պատճառով, որ Ռուսաստանը աջակցելու աշխուժություն չի ցուցաբերել մինչ այժմ:

«100 բժիշկների եւ սակրավորների գործուղումը Աֆղանստան, իբրեւ աջակցություն ԱՄՆ-ին՝ լավ է ու գովելի, իսկ նույն բժիշկների ու սակրավորների գործուղումը Սիրիա` գրեթե հանցանք», եզրափակում է ռուսականմամուլը:

ՀՀ արտգործնախարարության խոսնակը, հատկապես ամերիկյան հայտարարությանն արձագանքելով հստակացնում էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը արդեն երկար ժամանակ է, որ միասնաբար ջանքեր  են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որը ուղեկցվում է փախստականների եւ տեղահանվածների զանգվածային ճգնաժամով:

Արտգործնախարարությունը բանաձեւել է նաեւ ազգային եւ պետական հայեցակետերից մեկնած այն բոլոր հիմնավորումները, որոնք արդարացնում են Երեւանի որոշումը: Սկսելով պատմական տվյալներից` նկատի ունենալով, որ Սիրիան ապաստան է հանդիսացել Ցեղասպանությունից վերապրածների համար, ապա՝ համայնքի իրավիճակից, բացատրելով Հայաստան ապաստանած սիրիահայերի պարագան, հիշեցնելով, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայկական դիվանագիտությունը շարունակել է գործել Սիրիայում, եւ նման որոշմամբ օժանդակում է նաեւ պատերազմական հետեւանքները կրող սիրիահայ համայնքին: Այս հիմնավորումներում ընդգծվում է նաեւ այն, որ հայ մասնագետների խումբը իր աշխատանքները  համակարգելու է  տեղում գործող մարդասիրական միջազգային կառույցների հետ:

Հայկական հիմնավորումները բնականաբար կնպաստեն բացատրելու համար Երեւանի որոշումը` ազգային-պետական շահերից թելադրված: Ներկայացված բանաձեւի առաջին եւ վերջին բաժինները պատասխան են քաղաքականացված արձագանքումներին: Հստակորեն հայտարարվում է, որ Երեւանն ու Վաշինգտոնը որոշ ժամանակ է արդեն մարդկային աղետի դիմագրավման համար միասին աշխատանք են իրականացնում, հետեւաբար մեկ ուղղությամբ քաղաքականացված մեկնաբանությունը ճիշտ չէ. երկրորդ` հայ մասնագետները տեղում իրենց աշխատանքները պիտի համակարգեն ներգրավված միջազգային տարբեր կառույցների հետ: Այստեղ եւս խնդիրը մեկ ուղղվածություն չունի ուրեմն:

Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ձեւաչափով խաղաղապահ առաքելության  է մասնակցում. այս անգամ մեկնաբանությունները գերքաղաքականացված են այն պարզ պատճառով, որ գործուղման միջավայրը ռուսական ազդեցության գոտի է եւ Վաշինգտոնը քաղաքականորեն հանգիստ չպիտի ընկալեր նման որոշումը: Պայմանագիրը երկկողմ է եւ տեղավորվում է միջազգային համաձայնագրերի իրավաչափություններում:

Անպայման նկատի պետք է ունենալ նաեւ այն փաստը, որ Երեւանը Հայաստանի սահմանամերձ երկրներում` Իրաք, Լիբանան, այժմ նաեւ Սիրիա, իրականացնում է նման միջազգայինառաքելություն, դա լինի զինվորական, թե մարդասիրական բնույթի:

Քաղաքականացված մեկնաբանությունները, ներքին թե արտաքին առումով, չեն բխում պետության շահերից: Պաշտոնական Երեւանի, այս դեպքում արտգործնախարարության բանաձեւումները հարցի մեկնաբանության, վերլուծման եւ առհասարակ քննարկման ընթացքին ուղենշային են։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728