Դեռ որքա՞ն ենք վճարելու Փաշինյանի ռեյտինգը պահելու համար
Երբ անցած տարվա մայիսին հայտնի զարգացումների արդյունքում Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, վերջինիս հեղինակությունը հասարակության շրջանում իսկապես բարձր մակարդակի վրա էր գտնվում: Մեծամասնությունը սիրում էր նորընտիր վարչապետին, նրա հետ բյուրավոր սելֆի-լուսանկարներ էր անում և հավատում, որ ամեն ինչ լավ է լինելու: Դա նորմալ էր հեղափոխական գործչի համար, և նորմալ է նաև, որ ի տարբերություն գործող իշխանության ներկայացուցիչների՝ նորեկների հանդեպ սերն ավելի մասսայական է լինում:
Նորմալ կարող ենք համարել նաև այն, որ արդեն տևական ժամանակ իշխանության մեջ լինելով՝ հասարակության որոշ խմբերի կողմից դժգոհություններ են առաջանում արդեն գործող վարչապետի նկատմամբ: Դա բնական է, որովհետև իշխանությունը չի կարող բոլորի սրտով գնալ, քանի որ դրանից ավելի կարևոր խնդիրներ ունի լուծելու: Դրան բոլոր երկրների իշխանությունները մշտապես ըմբռնումով են մոտեցել և փորձել են կտրուկ քայլերի չգնալ: Սակայն, արի ու տես, որ մեր երկրի նոր իշխանությունը որոշել է հոսանքին հակառակ գնալ և ամեն գնով դուր գալ բոլորին:
Այստեղ, նախ և առաջ, պետք է խոսենք ժողովրդի մեջ արմատավորված հեղափոխական սինդրոմի մասին, երբ շատերը մտածում են, որ, եթե մի անգամ Գյումրիից քայլելով, ճանապարհներ փակելով՝ հնարավոր եղավ իշխանափոխության հարցը լուծել, ապա մնացած բոլոր հարցերը ևս կարելի է լուծել նույն ճանապարհով: Արդյունքում՝ երկրում առաջացող ցանկացած խնդիր ու պահանջ, անկախ դրա օրենսդրական կամ հակաօրինական լինելուց, մարդիկ փակում են ճանապարհը, հավաքվում բողոքի ցույցի, և այլն: Թերևս սա էլ կհամարվեր նորմալ, եթե չլինեին դրանց հանդեպ կառավարության քայլերը, որը ոչ այլ ինչ է, քան ամբիցիոզ կարիերիստի դրսևորումներ` այն է, ամեն գնով պահել Փաշինյանի ռեյտինգը:
Այստեղ, երբ ասում ենք՝ «ամեն գնով», իսկապես նկատի ունենք «գին» եզրույթի փողային մասը, որովհետև դրա համար միլիարդավոր դրամներ են ծախսվում: Ընդ որում, խոսքը հենց Փաշինյանի ռեյտինգի մասին է, քանի որ բոլորը գիտակցում են, որ իրենք, Փաշինյանի ռեյտինգի շնորհիվ է, որ պատգամավոր են կամ նախարար: Ու քանի դեռ շեֆի ռեյտինգը բարձր է, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Եվ սրանում այլ մեղավոր, քան հենց ինքը՝ վարչապետն է, պարզապես չկա, որովհետև հենց ինքն է իր քայլերով իջել այդ` կարիերիստի մակարդակին:
Այսպես. դեռ անցած տարեվերջին Փաշինյանի իշխանությունն իրականացրեց կենսաթոշակային ռեֆորմ, որի նպատակը, համաձայն վարչապետի խորհրդականի հայտարարության, ծայրահեղ աղքատությունը վերացնելն էր, և արդյունքում՝ բարձրացավ մոտ 80 հազար մարդու կենսաթոշակ: Սակայն, ինչպես պարզվեց ավելի ուշ, որ սա չի ազդելու ծայրահեղ աղքատության վրա, և դրա վերացման համար կառավարության ծրագրով ևս 5 տարի ժամկետ սահմանվեց:
Այդ դեպքում ինչի՞ն էր միտված այդ բարեփոխումը, եթե ոչ՝ Փաշինյանի ռեյտինգը բարձրացնելուն և ընտրությունների ժամանակ ևս 80 հազար քվե ստանալուն: Ընդ որում, այս գործընթացն իշխանությունը կազմակերպեց պետական բյուջեի միջոցների հաշվին, ասել է թե՝ մեր բոլորիս հաշվին: Միայն այս փոփոխության համար տարեկան շուրջ 10 միլիարդ դրամ ավելի գումար է ծախսվելու, և այս ամենը միայն նրա համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասարակության շրջանում դիվիդենտներ վաստակի:
Հաջորդ դեպքն արդեն հայտնի ՀԴՄ-ների պատմությունն է: Շաբաթներ առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այսպես ասած, «առյուծ էր ճղում», բոլորին ասելով և համոզելով, որ նոր սերնդի ՀԴՄ-ների գինը 160 հազար դրամ է, և ոչ մի լումա պակաս, որ բոլորը պետք է այդ գնով առնեն: Բայց բավական էր մի քանի տասնյակ մարդկանց բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ, և ամենակարող Նիկոլ Փաշինյանը կախարդական իր փայտիկով ՀԴՄ-ների գինը դարձրեց 60 հազար դրամ, իսկ երեկոյան Դավիթ Անանյանն անտրամադիր իր ուղերձով փորձեց արդարացումներ գտնել իր խոսքերի համար:
Սակայն չկարծեք, թե ՀԴՄ-ների գինն էժանացել է, պարզապես վարչապետն իր ռեյտինգը պահպանելու համար պարտավորվեց բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորել ՀԴՄ-ների գնի 100 հազարական դրամները: Այսինքն՝ դարձյալ բոլորիս միջոցներից։
Ներկայացվող դեպքերից վերջինը ջրի երես եկավ երեկ, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, երբ պատասխանելով պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք որոշել են առայժմ կասեցնել իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական գործունեություն ծավալող ընկերությունների համար հարկային փոփոխությունների փաթեթը: Սրանից բառացի մի քանի օր առաջ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ամեն գնով պաշտպանում էր նախագիծը, ի դեպ, այն նախագիծը, որը վարչապետի հավանությամբ դրվել է շրջանառության մեջ: Սակայն ամենակարող և միշտ ճիշտ վարչապետն այս անգամ էլ Արման Պողոսյանին «ժերտվա» տվեց:
Այդ որոշման պատճառը ոչ թե հաշվարկները կամ տնտեսվարողների մասին մտածելն է, այլ միակ բանը, որ դրդել է վարչապետին նման որոշում կայացնել` սեփական ռեյտինգի անկումն է: Երբ ոլորտի ներկայացուցիչները հրապարակային ելույթներ և քննադատություններ հնչեցրեցին՝ փոփոխության հետ կապված, ամենայն հավանականությամբ, վարչապետը հասկացավ, որ այս անգամ դժգոհ մասսան հասարակության առավել կիրթ ու ինտելեկտուալ հատվածն է, որոնք, ճիշտ է, միտինգ չեն անում և ճամփա չեն փակում, բայց հասարակության մեջ դիսկուրս և տոն են ստեղծում, ու հաստատ պետք չի իրենց հետ թարսվել: Ու Վարչապետը որոշեց, որ` թքած բյուջեի մուտքերի վրա, հո իմ ռեյտինգից կարևոր բան չկա՞:
Սակայն իրականում պետք է հասկանանք, և նախևառաջ իշխանությունը պետք է հասկանա, որ մեր երկրի բյուջեն այդքան մեծ չի, որ վարչապետը բոլորի սրտով գնա, որ ամեն ճանապարհ փակողի պահանջը բյուջեի հաշվին կատարեն: Ու, ինչպես երեկ պարզվեց, 2018թ. բյուջեն թերակատարվել է, այս տեմպերով շարունակելու դեպքում 19-ի թերակատարումն ավելի շատ է լինելու, և եթե այս տարի կարողացան թվերը կեղծելով՝ պլանը ցույց տալ կատարված, ապա մյուս տարիներին այդ թիվը գնալով մեծանալու է, և կառավարության միակ ելքը մնալու է՝ դռնեդուռ ընկած պարտք որոնել, որպեսզի կարողանա աշխատավարձերը և թոշակները վճարել:
ՄԱՔՍԻՄ ՄՈՒՍԻՆՅԱՆ