Ղարաբաղյան հարց. Ճշմարտություն, որը պետք է ասվի մեր ժողովրդին
Ղարաբաղի հարցի կարգավորման մասին քննարկումներում մի կարևոր, թեև ոչ միշտ նկատելի նրբություն կա: Դա այն տրամաբանությունն է, համաձայն որի՝ քանի որ մենք չենք կարող Ադրբեջանին «կապիտուլյացիայի» ենթարկել (ենթադրաբար՝ Ադրբեջանն է՝լ մեզ), դրա պատճառով էլ կոնֆլիկտն անվերջ ձգվում է, չի ավարտվում, ու, որ հետևաբար՝ միակ տարբերակը մնում է փոխզիջումը, իսկ փոխզիջման գնալն էլ նշանակում է՝ միջազգային երաշխիքներով խաղաղության հաստատումը: Այս տրամաբանության մեջ կա ճշմարտության կարևոր տարր, բայց կա նաև իրականությունից չափից ավելի մեծ վերացարկում, որով և՝ անհամարժեքություն:
Այն, որ փոխզիջումը խաղաղության հիմքն է՝ ինքնին պարզ է: Նույնիսկ անվերապահ կապիտուլյացիայի դեպքում կա փոխզիջման, թեկուզ և շատ փոքր, բայց որոշակի տարր: Բացարձակ անփոխզիջում խաղաղությունը թշնամու պետության իսպառ ոչնչացումն է, ինչը չի եղել նույնիսկ Գերմանիայի հետ 1945-ից հետո, և ինչն ընդհանապես հազվադեպ է հանդիպում պատմության մեջ: Բայց խնդիրը փոխզիջումների անհրաժեշտության մասին տեսական վեճը չէ, այլ շատ կոնկրետ հարցը՝ թե ինչպիսի՞, ի՞նչ ծավալի և որակի փոխզիջումներով է հնարավոր հասնել խաղաղության, եթե ընդհանրապես հնարավոր է: Եվ ո՛չ թե ընդհանրապես ինչ-որ վերացական, օդի մեջ «խաղաղության», այլ՝ կոնկրետ պայմաններով խաղաղության:
Որովհետև կան խաղաղության պայմաններ, որոնց համաձայն չեն լինի նույնիսկ պացիֆիզմի մոլի կողմնակիցները, եթե Հայաստանում այդպիսիք ընդհանրապես կան: Օրինակ, կարելի է հենց հիմա զիջել Ադրբեջանին Ղարաբաղն էլ և Զանգեզուրն էլ՝ խաղաղության դիմաց: Եթե խնդիրն ինքնանպատակ խաղաղությունն է, ապա ինչո՞ւ ոչ՝ սա շատ գործնական տարբերակ է խաղաղության հասնելու: Մյուս կողմից՝ պետք չէ մոռանալ, որ, այո՝ որոշակի պայմաններում պետություններն ու ժողովուրդները ստիպված են գնալ շատ ծանր գնով խաղաղության: Մեր պատմությանն անծանոթ չեն նման օրինակներ՝ 1918-ի Բաթումի պայմանագիր, 1920 Ալեքսանդրապոլի պայմանագիր, և այլն: Սրանք ծանր գինն էին, որոնք պարտված հայությունը ստիպված էր վճարել խաղաղության դիմաց: Բայց դրա փոխարեն՝ խաղաղությունն իրոք երաշխավորված էր և իրական էր:
Սակայն փոխզիջման գնալը միշտ չէ նշանակում երաշխավորված տևական խաղաղություն, որովհետև խաղաղության երաշխիքն ու կայունության հիմքը ոչ թե բուն փոխզիջումներն են, կամ նույնիսկ դրանց չափը, այլ կոնկրետ ուժային գործոնները: Խաղաղությունը թղթով չի գալիս, այլ կոնկրետ ուժային փոխհարաբերակցությամբ, ընդ որում, ոչ միայն երկու հակամարտող կողմերի, այլև տարածաշրջանային և միջազգային ուժերի:
Եվ այստեղ պետք է արձանագրել կարևորագույնը՝ մի բան, որը մեր հանրությունից, չասենք, թաքցվում է, բայց համենայն դեպս անհրաժեշտ չափով չի շեշտվում: Այն է՝ Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարցը չէ միայն, այլ տարածաշրջանային և միջազգային ուժային հարաբերության հարց: Եվ, որ հետևաբար՝ նրա չկարգավորված լինելը ոչ թե հետևանք է միֆական կապիտուլյացիայի կամ դրա բացակայության, այլ Հայաստանից և Ադրբեջանից դուրս եղած ուժերի փոխհարաբերության: Սա մի կողմից՝ թվում է ինքնին պարզ ճշմարտություն, մյուս կողմից՝ անընդհատ՝ գիտակցված կամ չգիտակցված, մոռացվում է համապատասխան վերլուծություններում: Կարծես «սաղ թամամ ա», մնում է միայն հայերի և ադրբեջանցիների համաձայնելը փոխզիջումների:
Ինչո՞ւ կապիտուլյացիան կոչեցինք միֆական, և ի՞նչ կապ ունի դա Ղարաբաղյան կոնֆլիկտի միջազգային բնույթի հետ:
Նախ՝ Հայաստանում կապիտուլյացիա ասելով՝ նկատի ունեն ոչ թե բառիս բուն իմաստով կապիտուլյացիա, այլ «անվերապահ կապիտուլյացիա» («հայերեն» ասած՝ «բեզոգովոռըչնի») հասկացությունը, թեև ասողներն իրենք մեծամասամբ չեն գիտակցում երկուսի տարբերությունը: Ինքնին կապիտուլյացիա հասկացությունը, որը նշանակում է՝ «հանձնում», ամենևին էլ այն իմաստը չունի, որը վերագրում են դրան հայկական հանրային խոսքում: Ռազմական պատմության մեջ կապիտուլյացիա կարող են կոչվել «հանձնման» տարբեր տիպեր՝ սկսած առանձին բերդի դիմադրության դադարումից կամ առանձին ճակատամարտում այս կամ այն զորախմբի հանձնվելուց՝ մինչև ամբողջ երկրի «հանձնում»: Սա շատ լայն և անորոշ եզր է:
Մերոնք, երբ ասում են՝ կապիտուլյացիա, անգիտակցաբար նկատի ունեն «անվերապահ կապիտուլյացիան»՝ որևէ երկրի վճռական ջախջախման փաստը և դրա իրավական ձևակերպումը համապատասխան պայմանագրով: Քանի որ մերոնք ռազմական պատմությանը տիրապետում են մոտավորապես սովետական կռիվ-կռիվ կինոների մատուցված չափով, ապա կարծում են, որ անվերապահ կապիտուլյացիան որևէ պատերազմի բնական ավարտն է, և քանի դա չկա, որևէ պատերազմ չի կարող ավարտվել, և որևէ կողմ չի կարող ճանաչվել հաղթող կամ պարտվող:
Իրականությունը, սակայն, այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն աշխարհի ողջ պատմության ընթացքում առաջին և վերջին պատերազմն է, որն ավարտվել է անվերապահ կապիտուլյացիայով, և այդ եզրն էլ իսկ ստեղծվել է հենց Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Ո՛չ դրանից առաջ, ո՛չ դրանից հետո որևէ պատերազմ չի ավարտվել նման կերպ: Որքան էլ կարևոր լինի Երկրորդ համաշխարհայինը, նա իր տրամաբանությամբ և ավարտով եզակի դեպք է, այլ ոչ թե՝ օրինաչափություն: Առավել ևս դրա մասշտաբով իրավունք չունենք չափել Ղարաբաղյան պատերազմը, որն իր չափով, մեղմ ասած, մոտ չէ համաշխարհային պատերազմի:
Չեմ ուզում այստեղ խորանալ պատմական նրբերանգների մեջ, բայց երկու խոսքով պետք է բացել անվերապահ կապիտուլյացիա հղացքի էությունը: Դրա բուն իմաստն ու նպատակը ոչ այնքան՝ զուտ ռազմական էր, որքան՝ աշխարհաքաղաքական: Այն առաջ է քաշվել ԱՄՆ-ում, և էությամբ խորթ էր պատերազմների մասին եվրոպական ավանդական պատկերացումներին: Ըստ ավանդական եվրոպականի՝ պատերազմն ավարտվում էր այն ժամանակ, երբ կողմերից մեկը գիտակցում էր, որ ռազմական գործողությունների շարունակությամբ այլևս անհնար է հասնել այն քաղաքական նպատակներին, որոնք դրվել են պատերազմից առաջ: Դրա համար ամենևին էլ պարտադիր չէր կռվել մինչև վերջին փամփուշտը: Սա պատերազմի նկատմամբ՝ որքան բնական, այնքան էլ՝ բանական մոտեցումն է:
Անվերապահ կապիտուլյացիան, հակառակը՝ դուրս է ռազմական որևէ տրամաբանությունից, և պարտադրում է թե՛ պարտվողին, թե՛ մասամբ հաղթողին՝ պայքար մինչև արյան վերջին կաթիլը, քանի որ պարտվողին զրկում է սեփական պարտության ճանաչման քիչ թե շատ արժանապատիվ որևէ հնարավորությունից՝ պարտադրելով հանձնում՝ առանց որևէ պայմանի: Շնորհիվ անվերապահ կապիտուլյացիայի պահանջի, Երկրորդ համաշխարհայինը տևեց շատ ավելին, քան կարող էր և պետք էր տևել՝ եղան միլիոնավոր ավելի զոհեր, և Եվրոպան վերածվեց ավերակների: Գերմանիայում կային ուժեր, այդ թվում՝ բանակում, որոնք հասկանում էին դիմադրության անհուսությունը դեռևս 1943-44 թթ.-ին, սակայն նրանց բոլոր հնարավոր քայլերը՝ խաղաղություն կնքելու ուղղությամբ, ջարդվում էին անվերապահ կապիտուլյացիայի պահանջով:
Պարզ է նաև անվերապահ կապիտուլյացիայի, առաջին հայացքից՝ ապաբանական թվացող պահանջի իրական քաղաքական իմաստը: Դա ուղղված էր պատերազմից հետո՝ Եվրոպայում և աշխարհում ամերիկյան անվերապահ գերիշխանության հաստատման, եվրոպական համաշխարհային գերիշխանության տապալմանը: Այս խաղին, կամա թե ակամա, համաձայնել էր նաև ԽՍՀՄ-ը, որը նույնպես ստանում էր համաշխարհային տիրապետության իր չափը դրա արդյունքում: Անգլիացիները փորձել են դիմադրել այս պահանջին՝ հասկանալով, որ դա անգլիական, այլև՝ ընդհանրապես եվրոպական գերակայության վերջն է աշխարհում, սակայն, ապարդյուն:
Ենթադրել, որ Հայաստանը կամ Ադրբեջանը կարող են միմյանց հանդեպ անվերապահ կապիտուլյացիայի պահանջ դնել, նշանակում է՝ ընդհանրապես չհասկանալ ո՛չ ռազմական այդ հասկացության պատմական իմաստը, ո՛չ էլ ընդհանրապես պատկերացնել միջազգային հարաբերությունների էությունը: Նման պահանջ կարող է ձևակերպել միայն համաշխարհային գերիշխանության ձգտող ուժը, բայց ոչ երբեք՝ Հայաստանի կամ Ադրբեջանի պես պետությունը, եթե, իհարկե, դրա թիկունքում թաքնված չլինի մի որևէ համաշխարհային ուժ:
Իհարկե, այստեղ կան նրբություններ: Թեև անվերապահ կապիտուլյացիա եզրը վերաբերում է միայն Երկրորդ համաշխարհայինին, սակայն դա, անշուշտ, միակ պատերազմը չէ, որն ավարտվել է կողմերից մեկի վճռական ջախջախմամբ: Եղել են և այլ պատերազմներ նման արմատական արդյունքով, նույնիսկ՝ պետությունների և ժողովուրդների ոչնչացմամբ: Օրինակ՝ վճռական արդյունքներով են ավարտվել նապոլեոնյան պատերազմների մեծ մասը՝ մայրաքաղաքների գրավում, բանակների գլխովին ջախջախում, խաղաղության պայմանների պարտադրում և այլն:
Նման պատերազմները՝ շնորհիվ իրենց շլացուցիչ արդյունքների, առավել հայտնի են: Այսքանով հանդերձ, սակայն, կարևոր է արձանագրել, որ համաշխարհային պատերազմների մեծ մասը չեն ունեցել այդպիսի՝ վճռական ավարտ, չեն ավարտվել կողմերից մեկի վճռական ջախջախմամբ կամ, մերոնց լեզվով ասած՝ «կապիտուլյացիայով»: Վճռական ջախջախմամբ ավարտված պատերազմները մնում են փոքրամասնություն, ավելի բացառություն են, քան օրինաչափություն: Ռազմական պատմության իրականությունն այն է, որ կա պատերազմների տիպաբանության բազմազանություն, որտեղ վճռական ջախջախումը մի ծայրահեղ բևեռն է, մյուսում էլ՝ թույլ ինտենսիվությամբ և առանց որոշակի արդյունքի բախումներն են, իսկ այս երկու ծայրահեղության միջակայքում պատերազմների մեծամասնությունն է:
Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ գործնական իմաստ ունի սա մեզ համար:
Պատերազմներում թշնամու գլխովին ջախջախումը, «կապիտուլյացիան» ամենևին էլ պարտադիր պայման չէ նրա, որ կողմերից մեկն իրեն ճանաչի պարտվող և խաղաղություն կնքի՝ զիջելով իր դիրքերը: Չկա նման բան ռազմական պատմության և ռազմական տեսության մեջ: Ավելի պարզ ասած՝ ամենևին էլ պարտադիր չէ Բաքուն կամ Երևանը գրավելը, որպեսզի հայ-ադրբեջանական պատերազմում կողմերից մեկն այլ հավասար պայմաններում իրեն պարտվող ճանաչի: «Կապիտուլյացիան»՝ որպես որևէ պատերազմի պարտադիր ավարտ և որևէ մեկի կողմից իր պարտության ճանաչման պարտադիր պայման՝ միֆ է: Միֆական է և դրա վրա կառուցվող ցանկացած դատողություն:
Իսկ ո՞րն է իրականություն, կամ այն «այլ հավասար պայմանները», որոնց մասին արդեն ակնարկեցինք:
«Կապիտուլյացիայի» տեսության հիմնական սխալն այն է, որ նա պնդում է, թե Ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել, մնում է սառեցված վիճակում, միայն այն պատճառով, որ մենք չենք կարող գլխովին ջախջախել թուրքերին, իսկ իրենք էլ, ենթադրաբար, մեզ (չնայած այս երկրորդի մասին կարծես չի էլ խոսվում): Սա շատ կարևոր կետ է: Տեսնում ենք, սակայն, որ ռազմական պատմության համաշխարհային փորձը, նաև՝ ռազմական տեսությունը չի հաստատում այս տրամաբանությունը:
Ինչպես և պատերազմների մեծամասնությունը, ղարաբաղյան պատերազմն էլ կարող էր շատ հանգիստ ավարտվել կողմերից մեկի պարտության ճանաչմամբ և դրան հետևող կայուն խաղաղությամբ, այդ թվում՝ երկու պետությունների և ժողովուրդների բնականոն փոխհարաբերությամբ՝ առանց կողմերից մեկի գլխովին ջախջախման: Կրկնենք՝ սա կլիներ շատ սովորական, նորմալ, պատերազմների մեծամասնությանը բնորոշ ավարտ:
Որևէ պատերազմ չի կարող տևել անվերջ: Այն չի կարող տևել նույնիսկ տասնամյակներ (բացառություն են թույլ ուժգնության պարտիզանական կամ ահաբեկչական պատերազմները): Ցանկացած պատերազմ շատ ծախսատար է, և կողմերը, նույնիսկ առավել հզորներն արագ սպառում են իրենց ռեսուրսները՝ կռվելու կամքից, քաղաքական կայունությունից՝ մինչև զինտեխնիկա և փող: Ցանկացած պատերազմ բնականոն ավարտվում է խաղաղությամբ և հարցի «կարգավորմամբ», երբ կողմերից մեկն այլևս ընդունելի չի համարում այն գինը, որը պետք է վճարի ռազմական գործողությունների քաղաքական նպատակի համար՝ չի կարող կամ չի ուզում վճարել այդ գինը:
Ղարաբաղյան պատերազմն ունենալու էր այդ ավարտը դեռևս 90-ական թթ., առանց Բաքվի գրավման, նույնիսկ՝ առանց Գանձակի գրավման, և այլն՝ ճիշտ այն պահին, երբ Ադրբեջանն այլևս չէր կարողանալու կամ չէր ուզենալու պատերազմով պարտադրել իր տեսակետը Ղարաբաղյան հարցում: Դրանից հետո լինելու էր այն ամենը, ինչի մասին այդքան սիրում են խոսել խաղաղասիրական սեմինարներում՝ առևտուր, տնտեսական կապեր, հյուր գնալ-գալ, քիրվա-քավորություն, և այլն, ինչպես եղել է միմյանց դեմ պատերազմող ժողովուրդների ճնշող մեծամասնության պարագայում:
Իսկ ինչո՞ւ դա չկա: Եթե պատճառը «կապիտուլյացիայի» անհնարինությունը չէ, ապա ի՞նչն է:
Պատճառն այն է, ինչի մասին արդեն թեթև ակնարկեցինք: Ղարաբաղյան խնդիրը ոչ թե երկուսի՝ հայերի և ադրբեջանցի թուրքերի հարց է, այլ տարածաշրջանային և միջազգային խնդիր՝ մեծ և միջին տերությունների շահերի ներգրավմամբ: Այն նույն տերությունների, որոնցից երեքը ներգրավված են ԵԱՀԿ ՄԽ-ում՝ որպես միջնորդներ, և որոնք խաղաղության առաջարկներ են մշակում ժողովուրդների համար: Եթե չլիներ Ղարաբաղյան հարցում արտաքին միջամտությունը, երբեք չէր լինի կոնֆլիկտի անվերջ երկարաձգում, ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակը, բայց չէր լինի նաև դրա կարգավորման կարիքը: Սա փակ շղթա է:
Հենց հարցի «կարգավորման» կարիքի համար էլ ստեղծված է այն իրավիճակը, որը պետք է «կարգավորվի»: Այստեղ ոչ մի կապ չունի ոչ միայն՝ «կապիտուլյացիան», այլև երկու ժողովուրդների թշնամանքը: Ժողովուրդների միջև չի լինում թշնամանք, որն անվերջ լինի և չլուծվի խաղաղությամբ, եթե չկա այդ թշնամանքով և դրա «լուծմամբ» շահագրգիռ երրորդ, չորրորդ, հինգերորդ… կողմ:
Այս ճշմարտությունը պետք է ասվի մեր ժողովրդին: