
Նիկոլ Փաշինյանին հուզել է Եվրոպայի կին լիդերների հոգատարությունը Հայաստանում կատարված իրադարձությունների հանդեպ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցնցել և զարմացրել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հոգատարությունն ու խանդաղատանքը 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ: Այս մասին փետրվարի 16-ին ընթերցասերների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անծանոթ մարդիկ ենք, բայց Եվրոպայի այս երկու լիդերների հետ առաջին իսկ խոսակցություններից զգացել եմ նրանց ջերմությունն ու վախը, որ հանկարծ այս ամենը չձախողվի: Նրանք ասում են՝ որ զգույշ լինեմ այս կամ այն հարցում, այսպես կամ այնպես չանեմ, քանի որ այս կամ այն խնդիրը կարող է ծագել, այդ ամենն իրենց սեփական փորձից գիտեն: Այդ հոգատարությունն այս ընթացքում իմ զգացած ամենացնոցող բանն է: Շատ հուզիչ է»,-նշեց Փաշինյանը:
Նա խոստովանեց, որ Անգելա Մերկելին և Դալյա Գրիբաուսկայտեին իր մտքում անվանում է «եվրոմամաներ» կամ «եվրոքույրեր»: «Ասոցիացիան այդպիսին է. կրկնում եմ՝ նրանք այնպիսի խանդաղատանքով են վերաբերվում այս ամենին, ինչպես հարազատ քույրը, մայրը, ընտանիքի անդամը, և այդտեղ ոչ մի աշխարհաքաղաքական թակարդ, նենգություն չկա, կա մարդկային սովորական պարզ հոգատարություն մի երևույթի նկատմամբ, որն իրենց համար անհասկանալի է, բայց դարձել է սիրելի»,-ընդգծեց ՀՀ վարչապետը: