Սաուդյան Արաբիան չեղարկեց թագավորության հպատակների՝ Լիբանան ուղևորությունների արգելքը
Սաուդյան Արաբիայի կառավարությունը չեղարկել է իր հպատակների՝ Լիբանան ուղեւորությունների արգելքը, որը սահմանվել էր ութ տարի առաջ: Այդ մասին Սերայ պալատում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Բեյրութում թագավորության դեսպան Վալիդ ալ Բուհարին:
«Մենք լիբանանյան իշխանությունների կողմից հավաստիացումներ ենք ստացել իրադրության կայունացման կապակցությամբ եւ համոզվել, որ այդ արգելքի սահմանման պատճառները վերացել են»,-հայտարարել է դիվանագետը: Ավելի վաղ Բեյրութ էր ժամանել Սաուդյան Արաբիայի թագավորի դեսպանորդ Նիզար ալ Ալյուլան՝ նպատակ ունենալով նպաստել երկկողմ կապերի ակտիվացմանը հունվարի 31-ին Լիբանանում նոր կոալիցիոն կառավարության ստեղծվելուց հետո: Սաուդցի հանձնակատարը փետրվարի 13-ին բանակցություններ է վարել հանրապետության նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի եւ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ:
Նա հայտնել է, որ Էր Ռիադը եւ Բեյրութը կվերսկսեն փոխգործակցությունը ավելի վաղ ստորագրված 20 երկկողմ համաձայնագրերի շուրջ: Լիբանանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունները վատացել են Սիրիայի հակամարտության եւ Էր Ռիադի ու Թեհրանի միջեւ տարածաշրջանային սուր մրցակցության պատճառով: 2016 թվականին Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նախարարական խորհրդակցության ժամանակ հանդես էր եկել շիաների «Հըզբոլլահ» կուսակցությունը, որի մարտիկները Սիրիայում կռվում են կառավարական բանակի կողմում, ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու դեմ:
Ի պատասխան էր Ռիադը իր դեսպանին հետ էր կանչել Բեյրութից: Երկու երկրների հարաբերություններում լարվածությունն ուժեղացավ 2017 թվականին, երբ վարչապետ Սաադ Հարիրին, որը Սաուդյան Արաբիայի հպատակություն ունի, երկու շաբաթից ավելի պահվում էր Էր Ռիադում եւ Բեյրութ վերադարձավ միայն Ֆրանսիայի միջամտությունից հետո: Լիբանանի նախագահ Միշել Աունն այն ժամանակ սաուդյան իշխանություններին սպառնաց, որ կդիմի ՄԱԿ-ին, եթե Հարիրիին ազատ չարձակեն: Վարչապետն ինքը, որը վերադարձել էր իր պաշտոնին, լրագրողներին ասել է, որ մտադիր է «գաղտնի պահել թագավորությունում իր գտնվելու պատմությունը»: