«Գործ ունենք բացառիկ ստախոսի հետ. նրա ճակատին գրված է՝ ստախոս». Հայրիկյանը՝ Փաշինյանին
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար զարմանալի է, որ ՀՀ կառավարության ծրագրում խոսք անգամ չկա այն մասին, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների մասնակից, որի մասին մշտապես ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայտարարվում էր, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, սակայն այդ ուղղությամբ մենք չտեսանք գործնական քայլեր։ Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ ստախոսին, նրա գրածները վերլուծելու մեջ որևէ առողջ բան չեմ տեսնում։ Մենք գիտենք, որ այսօրվա հեղափոխականների կառավարությունը ստախոսների կառավարություն է, ընդ որում, նրանք ամենակարևոր հարցերում են ստախոս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրին։
Ըստ նրա, Կառավարության ծրագրում ինչ էլ գրեն, միևնույն է՝ վերջում պետք է ստեն, քանի որ նախորդ տարի, երբ ընդունվեց ներկայիս կառավարության ծրագիրը, կային հստակ խոստումներ, հատկապես՝ ժողովրդավարության վերաբերյալ, սակայն դրանցից որևէ մեկը մինչև այսօր չի կատարվել։
«Այժմ ինձ ի՞նչը պետք է ստիպի հավատալու ստախոսի հերթական հայտարարությանը, նրա ճակատին գրված է՝ ստախոս, որը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ԵԱՏՄ-ին անդամակցելու համար և պահանջում, որ պետք է դուրս գա։ Բայց այսօր եկել է իշխանության ու ոչինչ չի անում, այսինքն՝ ուրիշից պահանջում էր անելու մի բան, որն ինքը չի անում։ Թող չասեն, որ իրավիճակ է փոխվել, սրանք իրավիճակ չեն փոխել, այլ ուրիշի փոխած իրավիճակին են հարմարվել։
Այս տեսակ մարդիկ ավելի քան վտանգավոր են։ Ներողություն եմ խնդրում բոլոր իմ այն հայրենակիցներից, որոնք հավատալով իմ խոսքին՝ ինձ հետ միասին միացան հեղափոխությանը։ Ներողություն եմ խնդրում, որ հավատալով՝ ինձ հետ միասին միացանք ստախոսին։
Մեր կոչն այն ժամանակ ստախոսի մասին չէր, մենք տեսնում էինք իշխանությունը քաղաքացիներին փոխանցելու պատրաստ ուժ։ Քանի որ հեղափոխությանն առաջինը մենք ենք միացել, և դա էական նշանակություն է ունեցել, դրա համար ինձ մեղավոր եմ զգում»,- նշեց Պ. Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ իշխանափոխության սկզբնական շրջանում կարծել են, թե ՀՀ վարչապետը ճիշտ բան է ասում, սակայն հետո են «գլխի ընկել», որ նա ոչինչ էլ ճիշտ չի ասում, ու դրա մասին բոլորին նախազգուշացրել են։
«Այժմ էլ բոլորին զգուշացնում եմ, որ գործ ունենք պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ, եթե մարդու «այո»-ն՝ «այո» չէ, «ոչ»-ն էլ՝ «ոչ» չէ, ուրեմն այդ մարդը որևէ լավ բան անել չի կարող, հետևաբար՝ նրա ծրագրին անդրադառնալն ու նրան լուրջ մարդու տեղ դնելն ինքնախաբեություն է և հավասարազոր ինքնասպանության»,- շեշտեց Պ. Հայրիկյանը։
Զվարթ Խաչատրյան