Գազի սակագինը մնում է օդից կախված. Դեռ որքան կհաջողվի խուսափել թանկացումից

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին բնական գազ է մատակարարում համաշխարհային գների համեմատ արտոնյալ արժեքով, բացի այդ՝ ՌԴ-ն փաստացի կոմերցիոն զեղչ է արել Հայաստանի համար։

«Պայմանագրի ժամկետի՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին լրանալու հետ կապված՝ կնքվել է հավելյալ համաձայնագիր, որին համապատասխանաբար Հայաստանի համար 2019 թվականին գազի գինը սահմանվել է 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Պետք է նաև նշել, որ ռուսաստանյան ներկրողը չի կիրառել գնի վերահաշվարկ՝ կապված գազի կալորիականության հետ»,- նշել է Կարասինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն այժմ Հայաստանին մատակարարում է բարձրացված ջերմունակությամբ բնական գազ:

Նաև շեշտել էր, թե սա «փաստացի նշանակում է՝ լրացուցիչ կոմերցիոն զեղչ»:

Թե Հայաստանին մատակարարվող ռուսական գազի կալորիականությունն ինչքանո՞վ է բարձրացել, հայտնի չէ։ Այդ մասին մինչև այժմ տեղեկատվություն չի եղել։ Ամեն դեպքում, սրանով Գրիգորի Կարասինը, ըստ էության, ցանկացել է հիշեցնել, որ Ռուսաստանը կարող էր ավելի շատ բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, բայց չի գնացել դրան։ Թե ինչո՞ւ, հավանաբար պատճառ ունեցել է։ Թեև այս պահին դա այնքան էլ էական չէ։

Մի բան փաստ է, որ ռուսական գազի ներմուծման գնի բարձրացումը լուրջ գլխացավանք է դարձել Հայաստանի իշխանության համար։ Ու հիմա կառավարությունը գլուխ է ջարդում` հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու այս իրավիճակից։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, դեռ վաղ է ասել։

Չնայած ռուսական գազի ներմուծման թանկացմանը, Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ Հայաստանում գազի ներքին սակագներն այս տարի չեն բարձրանալու։ Այնուհանդերձ դա դեռ չի նշանակում, թե այդպես էլ լինելու է։

Սակագների հարցն այս պահին դեռևս շարունակում է մնալ օդից կախված։ Ավելին, կան մտահոգություններ, որ հազիվ թե հաջողվի խուսափել թանկացումից։

Արդեն տևական ժամանակ կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» բանակցում են սակագներն անփոփոխ թողնելու վերաբերյալ, բայց արդյունք չկա։ Ինչպես հավաստիացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը, քննարկումներ են իրականացվում բոլոր ուղղություններով, այդ թվում` ներդրումային, կապիտալ նորոգումների ծրագրերի, կորուստների և այլն:

Դժվար է ասել, թե կողմերն ինչ են քննարկում այսքան ժամանակ։ Սակայն միայն այն, որ քննարկումներն այդքան երկար են ձգձգվում, բավական է հասկանալու համար, որ նրանք չեն կարողանում գալ համաձայնության։ Որքան էլ կառավարությունը մտադիր է գազի ներմուծման թանկացման բեռը դնել գազամատակարար ընկերության վրա, դա կարծես հեշտ գործ չէ։ Մեկ անգամ չէ հայտարարվել, որ սակագների վերջին նվազեցումից հետո համակարգը բավական լուրջ ֆինանսական կորուստներ է կրում։ Մյուս կողմից` եթե «Գազպրոմ Արմենիան» համաձայնում է դրա հետ, ինքնըստինքյան իրեն դնում է ծանր կացության առջև։

Խնդիրը միայն այն գինը չէ, որն ընկերությունը պետք է վճարի գազի ներմուծման թանկացման դիմաց. ստացվում է, որ նախկինում ևս եղել են ֆինանսական այդպիսի հնարավորություններ, բայց չեն ծառայել իրենց նպատակին։

Պարզ է, չէ՞, որ անհնարին է համակարգում առկա կորուստները միանգամից կրճատել, ասենք` 50 տոկոսով։ Եթե նման բան տեղի ունենա, ապա դա կնշանակի, որ նախկինում կորուստներն ուռճացված են եղել։ Իհարկե, այնպես չէ, որ կորուստների կամ մի շարք այլ տնտեսական ծախսերի կրճատման ռեզերվներ չկան։ Անշո՛ւշտ կան։ Բայց դրանք այնպիսին չեն, որ թույլ կտան փակել ներմուծման թանկացման բեռը։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ խոսքը բավական լուրջ գումարի մասին է։

Հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացել է 15 դոլարով։ Տարեկան կտրվածքով դա պահանջում է լրացուցիչ առնվազն 30 մլն դոլար։

Առայժմ որևէ մեկը չի ստանձնել այդ գումարի վճարման պարտավորությունը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը սկսել է պարտք կուտակել գազի դիմաց։ Որքան երկար է ձգվում այս պրոցեսը, այնքան պարտքն ավելանում է։

Մինչ կառավարությունն ու գազամատակարար ընկերությունը չեն կարողանում համաձայնության գալ այն հարցում, թե ո՞վ պետք է վճարի լրացուցիչ գումարը, վերստին մեջտեղ է գալիս սակագների բարձրացման խնդիրը։ Չի բացառվում, որ հարվածի տակ ընկնեն սպառողների հատկապես այն խմբերը, որոնք ժամանակին որոշակի արտոնություններ են ստացել` գազի սպառման դիմաց։ Խոսքը մասնավորապես ջերմոցային տնտեսության և վերամշակող արդյունաբերության մասին է։

Ինչպես հայտնի է, գազի իրացման շուկայի կայունացման և ընդլայնման նպատակով երկու տարի առաջ «Գազպրոմ Արմենիան» հանդես եկավ սակագները նվազեցնելու և տարբերակված քաղաքականություն կիրառելու նախաձեռնությամբ։ Իջեցվեց թե՛ բնակչության, և թե՛ խոշոր սպառողների գազամատակարարման գինը։ Առանձին ոլորտներում, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսության և վերամշակող արդյունաբերության համար սահմանվեց արտոնյալ սակագին` նախկին 257-ի փոխարեն՝ 212 դոլար։ Նվազեցումը կազմեց 45 դոլար, ինչը բավական լուրջ աջակցություն էր ոլորտում գործող ընկերությունների համար։

Այդ քայլը նպաստավոր պայմաններ ստեղծեց Հայաստանում, հատկապես՝ ջերմոցային տնտեսության ընդլայնման համար։ Այսօր, սակայն, ոլորտում գործող ընկերությունները կանգնած են լուրջ փաստի առջև. նրանք մտահոգված են գազի սակագնի սպասվող հնարավոր թանկացմամբ։

Մտահոգությունները, անշուշտ, անտեղի չեն։ Սակագների պահպանման հեռանկարները խիստ մշուշոտ են։ Եթե նույնիսկ մոտակա ամիսներին կամ նույնիսկ այս տարի հաջողվի հրաշքով խուսափել թանկացումից, միևնույն է, գազի ներքին գների վերանայումը սարերի հետևում չէ։

Սպառողներն առաջիկայում, ուզած թե չուզած, առերեսվելու են այդ փաստի հետ։ Իսկ թե սակագների բարձրացումից ինչ վնասներ կարող է կրել տնտեսական հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի, առանց այն էլ՝ մրցունակությամբ չփայլող տնտեսությունը, դժվար չէ պատկերացնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս