Ֆինանսների նախարարությունը սկսել է «սև թուղթ» ուղարկելու գործընթացը
ՀՀ Ֆինանսների նախարարությունն սկսել է նախարարություններին սև թուղթ ուղարկելու գործընթացը: Այս օրերին ներքին ընթացակարգով նամակներ են ստանում հատկապես այն նախարարությունները, որոնք ներառված են կառավարության օպտիմալացման սցենարում:
168.am-ի հետ մասնավոր զրույցներում այս տեղեկատվությունը հաստատեցին մի քանի գերատեսչություններում: Ասացին, որ Կառավարությունը ցույց է տալիս, թե կառուցողական է տրամադրված, բայց ուղարկված նամակների բովանդակությունը հուշում է, որ փաստորեն վերջնագրի լեզվով է խոսել համակարգի ներկայացուցիչների հետ: Մեկ շաբաթում ներկայացնել գոյության իրավունքը հիմնավորող վերջնական առաջարկ, կամ ընդունել խաղի կանոնները՝ ի գիտություն: Իսկ հրահանգված կանոնները տոտալ են՝ մի ամբողջ կառույցի կրճատում՝ փոխարենը՝ հաջողակ մի քանի կադրերի հաստիքով գործառույթների կոմպենսացում:
Հիշեցնենք, նույն սցենարային պլանի համաձայն՝ Սփյուռքի, Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարությունները կոնկրետ և սեղմ գործառույթներով պիտի դառնան վարչություններ և համապատասխանաբար ձուլվեն Կառավարության աշխատակազմին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ու Կրթության նախարարությանը: Սակայն այս լուծարումները սցենարի, թերևս, երևացող կողմն է, իրականում լայնամասշտաբ կրճատումների կենթարկվեն մի քանի այլ նախարարությունների ենթակա ծառայություններ և գործակալություններ, որոնք սպասարկում են հազարավոր շահառուների շահերը:
Միայն առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվում է առնվազն 650-700 հաստիքի կրճատում: Քանակական այսպիսի աննախադեպ կրճատումներին այս օրերին սկսել են ընդգծված զգուշավորությամբ անդրադառնալ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավորները: Իշխանական դիրքերից իրավիճակն ընկալողները կրճատումները մեկնաբանելու մեղմ ձևակերպում են գտել՝ օպտիմալացում:
Մասնավորապես, լրագրողների հարցադրումներին տալիս են ժխտական իմաստով պատասխան, այսպես՝ կառավարությունը չի կրճատում, ընդամենն օպտիմալացնում է պետական կառավարման համակարգը: Հավանաբար թավշյա հեղափոխականների ընկալմամբ՝ հայերենի ձևաբանական այս նուրբ ձևակերպումը կիրառվում է, որպեսզի այս գործազուրկ դարձողին չմղի փողոց, որպեսզի հասարակական այս շերտում բորբոքում չընդվզի, սոցիալական բունտ չհասունանա: Մասնավոր զրույցներում օպտիմալացման ենթակա հատվածում ինչ-որ գործողություններ մտմտում են. կվերածվի՞ դա սոցիալական բունտի, թե՞ ոչ, դեռևս հայտնի չէ։