Բաժիններ՝

Այս տարի գրանցում կստանա 400 դայակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս տարի պետական աջակցության ծրագրով նախատեսում է 400 դայակների աշխատանքի ապահովում: Հիշեցնենք, որ նախորդ կառավարության օրոք հաստատված Զբաղվածության պետական գործակալության այս ծրագիրը բավական բուռն ընդունվեց հանրության շրջանում:

Մի կողմից աջակցություն էր՝ ուղղված դայակների աշխատանքն օրինականացնելուն ու ստվերից դուրս գալու ճանապարհով աշխատանքային ստաժի ձևավորմանը, մյուս կողմից՝ այն դիտարկվում էր խրախուսող քայլ՝ աշխատաշուկա վերադարձող խնամող մայրերին:

Նշված անձանց աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացումը երաշխավորվում է պետական ծրագրով, որպեսզի երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձող մայրն ունենա դրամական աջակցություն: Իսկ համաֆինանսավորման պայմանն այն է, որ դեկրետի մեջ գտնվող մայրը մինչև երեխայի 2 տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում գրանցի երեխայի խնամող դայակին որպես աշխատուժ՝ մինչև 110.000 դրամ աշխատավարձով, իսկ դրա ուղիղ կեսն իր վրա է վերցնում պետությունը՝ գրանցման հարկերի փոխհատուցման տեսքով:

Ի դեպ, այս ծրագրի հաջորդ առավելություններից մեկն այն է, որ երեխայի խնամքը կարող է իրականացնել նաև տատը կամ ցանկացած հարազատ անձ, ով երեխայի ընտանիքի հետ չի ունենա գրանցման միևնույն հասցեն:

Կարդացեք նաև

Նշենք, որ այս ծրագիրը գործում է արդեն 3-րդ տարին և հասցրել է աշխատանքով ապահովել 500-ից ավելի դայակների: Միայն 2018-ին՝ բյուջեով նախատեսված 200 շահառուի փոխարեն՝ պետական գրանցված հաստիքով աշխատանքի կարգավիճակ էր ստացել թվով 460 դայակ:

Պատճառը քաղաքական իրադարձությունների հետևանքով իրավական ակտը լրացնող Կառավարության որոշման բացն էր, որն ընդունվեց ուշացումով: Արդյունքում՝ հուլիսի 7-ին մեկնարկած ծրագիրը, թեկուզ պակաս ժամկետով, սակայն կրկնակի շատ հայտեր սպասարկեց մինչև տարեվերջ:

Նշենք ծրագրի կարևոր նախապայմանները, որոնց նախապատվություն է տրվում դայակի հայտը գրանցելիս:

Եթե շահառուների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է հետևյալ անձանց՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը կամ՝

2) ովքեր ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ՝

3) ովքեր ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ՝

4) ովքեր ունեն երեք և ավելի երեխա կամ՝

5) ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա:

Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս