
Վենեսուելան չի խզի հարաբերությունները եվրոպական երկրների հետ Գուայդոյին նրանց ճանաչելու պատճառով

Վենեսուելայի իշխանությունները մտադիր չեն խզել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, չնայած այն բանին, որ նրանցից շատերն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ: Այդ մասին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել է Radio y Televisiցn Espaրola կորպորացիայի կողմից փետրվարի 6-ին հրապարակված հարցազրույցում:
«Մենք միշտ էլ մեծ կարեւորություն ենք տվել եվրոպական ներդրողներին,-ասել է ԱԳ նախարարը:-Սխալ կլիներ խզել հարաբերությունները: Մենք չենք ընդհատի շփումը»: Նախարարի խոսքով՝ Կարակասում չեն զարմացել այն քայլերից, որոնք Եվրամիության կողմից ձեռնարկվեցին ի պատասխան Վենեսուելայում ստեղծված ճգնաժամի: Արեասան վերստին ընդգծել է, որ Կարակասն ԱՄՆ-ին է համարում «պետական հեղաշրջման հրահրողը»: Մեկնաբանելով ԵՄ-ի եւ Ուրուգվայի մասնակցությամբ շփման խմբի առաջիկա նիստը՝ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Կարակասը «միշտ էլ բաց է աջակցության եւ միջնորդության բոլոր տարբերակների համար»:
Եվրամիությունը եւ Ուրուգվայը փետրվարի 7-ին Մոնտեվիդեոյում կանցկացնեն շփման խմբի առաջին նիստը Վենեսուելայի ճգնաժամի կարգավորման շուրջ: Խմբի ստեղծման մասին որոշումն ընդունվել է ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարների՝ հունվարի 31-ին Բուխարեստում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Նրա աշխատանքին կմասնակցեն ԵՄ-ի եւ հանրակցության անդամ ութ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի ներկայացուցչիները: Բացի այդ, խմբի մեջ կմտնեն Լատինական Ամերիկայի չորս երկրի՝ Բոլիվիայի, Կոստա Ռիկայի, Ուրուգվայի եւ Էկվադորի ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: