«Հայաստանը բանակցում է խաղաղություն, Հայաստանը բանակցող կողմ է, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության». Զոհրաբ Մնացականյան
«Շատ շնորհակալ եմ պարոն Մարուքյանին այս հանդիպման համար, որովհետև շատ լավ առիթ էր, որպեսզի մենք միասին քննարկենք հարց, որը վերաբերում է մեզ բոլորից՝ ամբողջ հայությանը։ Մենք խոսեցինք տարբեր հարցերի շուրջ, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որովհետև սա ինձ համար շատ էական է՝ որպես կառավարության անդամ, ԱԺ խմբակցությունների հետ աշխատելը չափազանց կարևոր գործառույթ է։ Սա երկխոսություն է, որտեղ մենք համեմատում ենք մոտեցումները, գնահատականները, փորձում ենք ինքներս մեզ համար տեսնել որտեղ ինչն է ճիշտ, ինչին պետք է առավել ուշադրություն դարձնել, և նաև բացատրում ենք մեր արածը»,- քիչ առաջ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարցը՝ մտահոգությունները փարատեցի՞ք, նախարարն ուղղեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին. «Մտահոգություններ ունեի՞ք»։
Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, որ խիզախ քայլերի է սպասում, Զ.Մնացականյանը նշեց, որ այն, ինչ արվել է պարոն Փաշինյանի կողմից, որ խիզախություն է խոսել խաղաղության մասին, դա չի նշանակում, որ խոսելով խաղաղության մասին, ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը.
«Բայց խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է բոլոր մասնակիցներին՝ և՛ Ադրբեջանի ժողովրդին, և՛ Ղարաբաղի ժողովրդին, և՛ Հայաստանի ժողովրդին, դրա մասին է խոսքը, որ դա է խիզախությունը, որ մենք կողջունենք, որպեսզի նման հայտարարություն գա նաև մյուս կողմից»։
Ադրբեջանի ԱԳՆ հարցադրմանը՝ «պե՞տք է Փաշինյանի նման դիրքորոշումը գնահատել որպես հրաժարում բանակցություններից», նախարարը պատասխանեց, որ այդքան էլ այդպես չէ, Հայաստանը շարունակում է աշխատել իր մասով. «Հայաստանը բանակցում է խաղաղություն, Հայաստանը բանակցող կողմ է, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության»։
Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման համար Զ.Մնացականյանը հորդորեց դեռ չշտապել։ Ըստ նրա՝ շատ էական է, որ շարունակենք կառուցել գործընթացն այնպես, որ հույս ունենանք արդյունքի։