Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել:
Այսօր հացադուլի վեցերորդ օրն է: Բանտի ընկերների փոխանցմամբ՝ հացադուլի 5-րդ օրվա դրությամբ Վաղարշակ Ավետիսյանին ոչ ոք չի այցելել:
«Հունվարի 30-ից հացադուլ է հայտարարել, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հացադուլավորների համար նախատեսված առանձին խցում է: Պահանջն է՝ վերաբացել իր քրեական գործը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ սոցիալ-հոգեբանները պարբերաբար աշխատանքներ են տանում, որպեսզի հացադուլը դադարեցնի:
Հարցին՝ արդյո՞ք Վաղարշակ Ավետիսյանին այցելել են Արդարադատության նախարարությունից, իրավապաշտպան կառույցներից, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը պատասխանեց.
«Այս պահին չեմ կարող ասել»:
Քիչ ուշ Նոնա Նավիկյանը հաղորդեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այս պահին ընդունում են Վաղարշակ Ավետիսյանին:
Վաղարշակ Ավետիսյանը Չարենցավանից է, 2009 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ տաքսու վարորդին դաժանաբար սպանելու համար:
Վաղարշակ Ավետիսյանը պնդում է, որ ձերբակալվելիս իրեն ենթարկել են խոշտանգումների:
Անի Կարապետյան