
«Ես տառապում եմ կրծքավանդակի ցավերից, քիթս կոտրված է». Քադաֆին օգնություն է խնդրում

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Հաննիբալը, որը գտնվում է լիբանանյան բանտում, գանգատվում է առողջությունից եւ խնդրում է ՄԱԿ-ին՝ բժիշկների խումբ ուղարկել իր մոտ: Այդ մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Բանտում գտնվող Հաննիբալին հարցերը տրվել են, ինչպես նաեւ դրանց պատասխաններն ստացվել են նրա լիազոր ներկրայացուցիչ Ռիմ Յուսեֆ ադ Դեբրիի միջոցով:
Հաննիբալ Քադաֆին 2015 թվականին լիբանանյան «Ամալ» շիաների շարժման անդամների կողմից առեւանգվել էր Սիրիայից, որտեղ նա քաղաքական ապաստան էր ստացել: Արդեն մի քանի տարի նա գտնվում է լիբանանյան բանտում: Նրան մեղադրում են 1978 թվականին Լիբիայի տարածքում շիաների հոգեւոր ու քաղաքական առաջնորդ իմամ Մուսա աս Սադրի անհետացման վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու մեջ:
«Իմ ֆիզիկական վիճակն անբավարար է: Ես տառապում եմ կրծքավանդակի ցավերից, շնչառական անբավարարությունից, մեջքի ստորին մասի ցավից, արեւի լույսի բացակայության պատճառով մաշկի հետ կապված խնդիրներից: Նաեւ կոտրված է քիթս եւ գլխիս հեմատոմա ունեմ այն ծեծերի պատճառով, որոնց ես ենթարկվել եմ իմ առեւանգման ժամանակ»,-ասել է Հաննիբալ Քադաֆին: Լիբիական Ջամահիրիայի նախկին առաջնորդի որդին գանգատվել է նաեւ բանտի պայմաններից: Նրա խոսքով՝ իրեն թույլ չեն տալիս կապվել մամուլի հետ, իսկ բանտարկության մեջ իրեն տեսակցելու եկողներին այլեւս թույլ չեն տալիս մտնել Լիբանանի տարածք:
«Ես խնդրում եմ Միավորված ազգերի կազմակերպությանը, որ բժիշկների խումբ ուղարկվի Լիբանան՝ ինձ այցելելու բանտում, որպեսզի նրանք բժշկական եզրակացություն անեն իմ վիճակի մասին»,-ասել է Քադաֆին: