Բաժիններ՝

Դատարանը հրապարակեց «Զիբիլիքսի» գործով մեղադրվող Արաբկիրի նախկին թաղապետի և «Սաս» սուպերմարկետների ցանցի տնօրենի վճիռները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 4-ին հրապարակեց «Զիբիլիքսի» գործով մեղադրվող 11 անձանց վերաբերյալ դատավճիռներ:  Դատարանը վճռեց Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանին և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2 մասով(ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի` 2 միլիոն 500 հազար դրամ գումարի  չափով:

Հրայր Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում Ստեփան Սահակյանի հետ, նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:

Դատարանը այլ 9 անձանց նույնպես մեղավոր ճանաչեց մեղսագրված հանցանքում և դատապարտեց տուգանքով:
Ստեփան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ավագանու անդամի թեկնածու առաջադրված իր ընկեր և կուսակից` Հրայր Անտոնյանի հետ նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անվամբ հայտնի քրեական գործով 11 անձանց մեղադրանք էր առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հրայր Անտոնյանը դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին: Նրանք համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները: Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` Հրայր Անտոնյանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10.000-ական ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար:

Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հրայր Անտոնյանը ներդրել է 48 միլիոն 417 հազար ՀՀ դրամին համարժեք 100 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ստեփան Սահակյանի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15 միլիոն ՀՀ դրամ գումարը: Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի ներդրված գումարը որոշակի խմբաքանակներով (1.350.000 ՀՀ դրամից մինչև 8.250.000 ՀՀ դրամ) նախընտրական փուլում՝ 2017 թվականի մայիսի սկզբից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, բաշխել են պայմանականորեն որպես ենթաշտաբերի և ընտրատեղամասերի պատասխանատուներ նշանակված, Արաբկիր վարչական շրջանի առանձին տեղամասերում ընտրողների վստահությունը վայելող իրենց համախոհներին՝ նրանց օժանդակությամբ կաշառքի գումարներն ընտրողներին հասցեական տալու և իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս