
Ռոբերտ Փիլիպոսյանը «Մոսկվա օփենի» C մրցաշարում գրավել է 5-րդ տեղը

«Մոսկվա օփենի» միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Փիլիպոսյանը գրավել է 5-րդ տեղը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` ավարտվեց «Մոսկվա օփեն» խոշոր միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվում էին 15-ից ավել մրցաշարեր: Ընդհանուր առմամբ մրցաշարերին մասնակցեց շուրջ 2000 շախմատիստ: Փառատոնի A, B և C մրցաշարերի մասնակիցների թվում էին նաև Հայաստանի 17 պատվիրակ:
C մրցաշարում հաջող հանդես եկավ 12-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 5-րդ հորիզոնականը: Փիլիպոսյանը նաև շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
Նույնքան միավոր վաստակած Արթուր Ղարագյոզյանը գրավեց 9-րդ տեղը: A մրցաշարի հաղթող դարձավ Բորիս Սավչենկոն, ով վաստակեց 7.5 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից Հովիկ Հայրապետյանը հաղթողից ետ մնաց 1 միավորով և կիսեց 8-19-րդ հորիզոնականները: B մրցաշարի հաղթող դարձավ 8 միավոր վաստակած Անաստասիա Բոդնարուկը: Մեր երկրի ներկայացուցիչներից Սուսաննա Գաբոյանը վաստակեց 5.5, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ 3 միավոր: